Ալ-Վաթիյա ավիաբազայում թուրք բարձրաստիճան զինվորական է սպանվել. «Լիբիայի ազգային բանակ»

Հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը Լիբիայի հյուսիսարևմտյան ալ֊Վաթիյա ավիաբազայի վրա ավիացիոն հարձակումներ են եղել։ Ավիաբազան մայիսին թուրքական զորքերի օգնությամբ գրավել էր Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարությունը», որից հետո այստեղ տեղակայվել են նաև թուրքական ՀՕՊ ուժեր։ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ գործող «Լիբիայի ազգային բանակ»֊ին մոտ կանգնած աղբյուրների տվյալներով ավիահարվածներից թուրք բարձրաստիճան զինվորական է սպանվել։

Ժամանակավոր կառավարության ուժերի մամուլի խոսնակ գնդապետ Մուհամադ Գնունուն հայտարարել է, թե ավիահարվածներն իրականացվել են «Խալիֆա Հաֆթարի աջակից օտարերկրյա ուժերի» կողմից։ Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության տվյալներով էլ հայտնի չէ, թե ինչ ուժերի են պատկանում ավիահարվածներին ներգրավված կործանիչները, սակայն ավիահարվածների հետևանքով մարդկային կորուստներ չեն եղել, վնասվել է միայն ավիաբազայում տեղակայված զինտեխնիկան։

«Լիբիայի ազգային բանակ»֊ի պաշտոնական աղբյուրը, արաբական Arabnews լրատվական գործակալության փոխանցմամբ, ևս հայտնել է, որ ավիահարվածներն «անհայտ ավիացիոն միջոցներով են իրականացվել»։

Հատկանշական է, որ այս տարվա մայիսին ԱՄՆ ԶՈւ Աֆրիկայի հրամանատարությունը, արբանյակային լուսանկարներ հրապարակելով, հայտնել էր, որ Խալիֆա Հաֆթարի ուժերի ավիաբազայում տեղակայվել են առանց գրանցման նշանների ՄիԳ-29 կործանիչներ, որոնք Լիբիա էին տեղափոխվել Սիրիայի ռուսական ավիաբազայից:

Ուշագրավ է նաև, որ այս ընթացքում եգիպտական լրատվական աղբյուրները գրում են, թե ալ֊Վաթիյա ավիաբազայի վրա 9 ավիահարված է եղել, և դրանց հետևանքով սպանվել է 6 թուրք զինվորական, որոնց թվում նաև թուրք հրամանատարներից մեկը։ Նշենք, որ Եգիպտոսն, իր հերթին, աջակցում է Խալիֆա Հաֆթարի ուժերին։

Համացանցում բաց աղբյուրների հետախուզությամբ զբաղվող աղբյուրը ավիաբազայից հուլիսի 7-ի առավոտյան ժամերի արված արբանյակային լուսանկարներ է տարածել ու նշել, որ այն երկու մասերը, որտեղ պետք է տեղակայված լինեին թուրքական ուժերը, կա՛մ վնասված չեն, կա՛մ մասամբ ծածկված են ամպերով և վնասված որևէ մաս տեսանելի չէ․

Հիշեցնենք, որ «Ազգային համաձայնության կառավարության» ուժերը գրավել էին ալ֊Վաթիյա ավիաբազան մայիսի 18-ին։ Այն Խալիֆա Հաֆթարի ուժերի վերահսկողությանն անցել էր 2014թ.։

Ըստ Al Jazeera-ի՝ ավիաբազան ռազմավարական կարևոր նշանակություն ունի երկու կողմերի համար և դրա գրավումը «Ազգային համաձայնության կառավարության» կողմից Հաֆթարի ուժերի համար դժվարեցնում է երկրի արևմտյան տարածքները հետ գրավելը, քանի որ հիմնական ավիահարվածները Տրիպոլիի ուղղությամբ իրականացվում են այդ ավիաբազայից։

Հետաքրքիր է նաև, որ թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» օրաթերթի տվյալներով Թուրքիան Լիբիայում ցանկանում է երկու ռազմաբազա կառուցել, որոնցից մեկն ընդգրկելու է ալ֊Վաթիյա ավիաբազայի տարածքը, որտեղ, ըստ աղբյուրի, այժմ թուրք զինծառայողներն ականազերծման և վերանորոգման աշխատանքներ են իրականացնում։ 


2011թ. Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: 

Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019 թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։

«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *