Ռուսաստանը կործանիչներ է ուղարկել Լիբիա. ԱՄՆ

Ըստ ԱՄՆ զինված ուժերի Աֆրիկայի հրամանատարության՝ Ռուսաստանի ավիաբազայից Լիբիա են մեկնել ռուսական 4-րդ սերնդի կործանիչներ, որոնք, սակայն, մինչ Լիբիա հասնելը, հատուկ քողարկվել են Սիրիայում, որպեսզի չերևա դրանց ռուսական պատկանելիությունը։

Մայիսի 26-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Աֆրիկայի հրամանատարությունը, հրապարակելով նաև արբանյակային լուսանկար, որտեղ երևում է ՄիԳ-29 կործանիչ՝ «Լիբիայի ազգային բանակ»֊ի (LNA) վերահսկողության տակ գտնվող Ջուֆրա ավիաբազայում 2020թ. մայիսի 19-ի դրությամբ:

19 մայիսի, 2020թ. | ՄիԳ-29 կործանիչը Ջուֆրա ավիաբազայում
19 մայիսի, 2020թ. | ՄիԳ-29 կործանիչը Ջուֆրա ավիաբազայում

Ըստ ԱՄՆ հրամանատարության՝ ո՛չ «Լիբիայի ազգային բանակը», ո՛չ մասնավոր զինված խմբերը, չեն կարող շահագործել այդպիսի կործանիչներ առանց պետական աջակցության՝ «այն աջակցության, որը նրանք ստանում են Ռուսաստանից»։

Աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանն աջակցում է պետական երաշխավորություն վայելող ռուսական «Վագներ» զինյալների մասնավոր խմբին, որը համարվում է Լիբիայի արևելյան կառավարության՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերի աջակիցը։

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին Հաֆթարի հակառակորդ «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) անվտանգության պետ Ֆաթհի Բաշեղան էլ ամերիկյան Bloomberg գործակալության հետ զրույցում հայտարարել էր, թե իրենց տեղեկություններով Սիրիայի ռուսական Հմեիմիմ ավիաբազայից Հաֆթարին աջակցելու համար Լիբիա են մեկնել 6 միավոր ՄիԳ-29 և 2 միավոր «Սուխոյ» Սու-24 կործանիչներ։ Ըստ Բաշեղայի հայտնի չէ՝ արդյոք այդ կործանիչները նախկինում Հաֆթարի ուժերին էին պատկանում և մեկնել էին վերանորոգման նպատակով, թե՞ սրանք նոր համալրումներ են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *