Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են մոտ ժամանակներս Լիբիայում երկու մշտական տեղակայման ռազմաբազա կառուցել։ Այս որոշումը կայացվել է Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) ղեկավար Ֆաիզ ալ-Սարաջի՝ հունիսի 4-ին Անկարա կատարած այցից հետո։
Այս մասին գրում է թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» օրաթերթը։
Ենթադրվում է, որ ռազմաբազաներից առաջինի համար կօգտագործվի ալ-Վաթիյա ավիաբազայի տարածքը, որը մայիսի 18-ին թուրքական ուժերի աջակցությամբ գրավեց Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարությունը»։ Ըստ աղբյուրի՝ այստեղ այժմ թուրք զինվորներն ականազերծման և վերանորոգման աշխատանքներ են իրականացնում։ Իսկ միջերկրածովյան Միսրաթա նավահանգստում կտեղակայվի ռազմածովային բազա։
Նշվում է, որ նոր ռազմաբազաներն ապահովելու են նաև Լիբիայի տարածքային ջրերում թուրքական նավերի անվտանգությունն, ինչը կարևոր է հատկապես Միջերկրական ծովում Թուրքիայի իրականացրած հորատման աշխատանքների համար։
Աղբյուրը նշում է, որ այս ռազմաբազաներում տեղակայվելու են թուրքական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և ՀՕՊ համակարգեր, որոնք ներգրավված են եղել Լիբիայի արևելքում գործող գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» (LNA) դեմ մարտերում։ Իսկ Լիբիայում միայն Թուրքիայի աջակցությունը ստացող «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) ուժերը ռազմական վերջին հաջողություններից հետո պատրաստվում են խորացնել Թուրքիայի հետ համագործակցությունը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Լիբիայի արևմտյան կառավարությանը հաջողվել էր գրավել մի շարք բնակավայրեր ու ենթակառուցվածքներ․ ռազմավարական կարևոր նշանակության ալ-Վաթիյա ավիաբազան «Ազգային համաձայնության կառավարության» ուժերը գրավել էին մայիսի 18-ին, իսկ մայրաքաղաք Տրիպոլիի միջազգային օդանավակայանը՝ հունիսի 4-ին։
Հավելենք նաև, որ հունիսի 1-ին Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը հայտարարեց, թե հակամարտող կողմերը համաձայնել են երկրում հրադադար հաստատելու համար վերսկսել բանակցությունները։
2011 թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս:
Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019 թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։
«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր։