Խալիֆա Հաֆթարի հակառակորդ ուժերին հաջողվել է գրավել ալ-Վաթիյա ավիաբազան

Լիբիայի արևմուտքում գործող «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) ուժերը գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ գործող Լիբիայի ազգային բանակի (LNA) հետ պայքարում կարողացել են գրավել երկրի հյուսիսարևմտյան մասում տեղակայված ալ-Վաթիյա (al-Watiya) ավիաբազան, որը Հաֆթարի վերահսկողության տակ էր անցել 2014թ.։

Այս մասին հայտնում է «Ազգային համաձայնության կառավարության» մամլո ծառայությունը, փոխանցում է միջազգային Al Jazeera լրատվական գործակալությունը։ Ավիաբազան գրավելու մասին հայտարարել է նաև Լիբիայի արևմտյան կառավարության ղեկավար Ֆաիզ ալ-Սարաջը։ Լիբիայի ազգային բանակն առայժմ չի մեկնաբանել իրավիճակը։

Ըստ The Libyan Observer լրատվական գործակալության՝ «Ազգային համաձայնության կառավարության» ռազմաօդային ուժերի իրականացրած գործողության արդյունքում խոցվել է Հաֆթարի բանակին պատկանող ռուսական արտադրության 2 միավոր “Պանցիր-Ս1Է” զենիթահրթիռային հակաօդային պաշտպանության համակարգ։

Եվս մեկ Պանցիր համակարգի առգրավման մասին հայտնել է «Ազգային համաձայնության կառավարության» մամուլի խոսնակ Մոհամեդ Գանունուն։ Ըստ նրա՝ առաջին ՀՕՊ համակարգը խոցվել էր շաբաթ օրը, իսկ երկրորդը՝ կիրակի օրն իրականացված ավիահարվածների արդյունքում։

Համացանցում տարածվել է նաև տեսանյութ, որտեղ, ըստ նկարագրության, երևում է Պանցիր համակարգի խոցումը «Ազգային համաձայնության կառավարության» ուժերի կողմից․

“Պանցիր-Ս1Է”-ի խոցման կադրեր

Լիբիական երկու իշխանությունների միջև ավիաբազայի շրջանում մայիսի սկզբից մինչ օրս խոշոր բախումներ են ընթանում։ Ըստ Al Jazeera-ի՝ ավիաբազան հետ գրավելու համար առաջինը գործողություն է սկսել «Ազգային համաձայնության կառավարությունը»։

Ըստ աղբյուրի՝ ավիաբազան ռազմավարական կարևոր նշանակություն ունի երկու կողմերի համար և դրա գրավումը «Ազգային համաձայնության կառավարության» կողմից Հաֆթարի ուժերի համար ավելի կդժվարացնի երկրի արևմտյան տարածքները հետ գրավելը, քանի որ հիմնական ավիահարվածները Տրիպոլիի ուղղությամբ իրականացվում են այդ ավիաբազայից։


2011թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: 

Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։

«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *