Իրաքը կարող է դիմել միջազգային կառույցներին, եթե Թուրքիան չդադարեցնի իր գործողությունները. Риа Новости

Իրաքը կարող է դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին, Արաբական պետությունների լիգային, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և այլ միջազգային կառույցների, որպեսզի Թուրքիան դադարեցնի իր ռազմական գործողություններն Իրաքի տարածքում։

Այս մասին ռուսական պետական Риа Новости լրատվական գործակալությանը հայտնել է Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ աս֊Սահաֆը։

Աս֊Սահաֆը նշել է, որ Իրաքը կարող է խնդրել ՄԱԿ Անվտանգության խորհրդին այս հարցով արտահերթ նիստ անցկացնել։ Բացի այդ, ըստ նրա, Իրաքի իշխանությունները Թուրքիայի վրա կարող են նաև այլ լծակներ կիրառել, որոնց թվում նաև տնտեսականը․ «Իրաքում կան տասնյակ թուրքական տնտեսական և ներդրումային ընկերություններ, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները տարեկան 16 մլրդ դոլարից ավելի են կազմում»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը հունիսի 15-ին կեսգիշերին հայտնեց Իրաքի հյուսիսում քրդական «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ ավիացիոն միջոցների ներգրավմամբ ռազմագործողություն սկսելու մասին։ Այն տևեց ընդամենը մեկ օր։ Հունիսի 17-ին Թուրքիայում հայտարարեցին Իրաքի հյուսիսային Հաֆթանին շրջանում մեկ այլ ռազմագործողություն սկսելու մասին, որը մինչ այժմ պաշտոնապես չի ավարտվել։

Ռազմագործողությունների իրականացման համար Իրաքը երկու անգամ բողոքի նոտա հղեց Բաղդադում Թուրքիայի դեսպանին։

Նշենք, որ մինչ այս գործողություններն սկսելն էլ Թուրքիան պարբերաբար ավիահարվածներ է հասցնում Իրաքի հյուսիսային շրջանում քրդական ուժերի դիրքերին ու իրականացնում է ռազմական գործողություններ։ Իրաքի իշխանություններն էլ պարբերաբար բողոքում են Թուրքիայի գործողությունների համար։

Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007թ-ից։ Հակամարտությունն այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *