Լիբիայի արևմտյան ուժը՝ «Ազգային համաձայնության կառավարությունը» (ԱՀԿ֊GNA) հայտարարել է Տրիպոլիի միջազգային օդանավակայանը գրավելու համար Խալիֆա Հաֆթարի բանակի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու մասին։
Այս մասին հայտնում է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռազմագործողության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Մուհամմեդ Քանունուին։

Վերջինս հայտարարել է, թե ԱՀԿ ուժերը վերջին երկու օրվա ընթացքում գործողությունը սկսելու համար շրջապատել են ամբողջ օդանավակայանի տարածքը, հարվածներ հասցրել Հաֆթարի ուժերի զինտեխնիկային թե՛ օդանավակայանի ներսում, թե՛ մոտակայքում գտնվող Քասր բին֊Ղաշիր բնակայրում։
Նշենք, որ Տրիպոլիի գլխավոր օդանավակայանը փակվել էր 2011-ին, իսկ 2014-ի հուլիսին այդտեղ «Լիբիայի ազգային բանակի» (LNA) և իսլամիստական խմբավորումների միջև խոշոր բախումներ են եղել։

Հիշեցնենք, որ ընդամենը երկու օր առաջ ՄԱԿ֊ը հայտարարեց այն մասին, որ Լիբիայի հակամարտող կողմերը համաձայնել են հրադադարի հաստատման համար վերսկսել բանակցությունները։ Դրանք պետք է ընթանան «5+5» ֆորմատով ստեղծված հանձնաժողովով, որի մեջ ընդգրկված լինեն հակամարտող կողմերի 5-ական բարձրաստիճան սպա։