Լիբիայում հակամարտող երկու ուժերը՝ արևմտյան «Ազգային համաձայնության կառավարությունը» և արևելյան «Լիբիայի ազգային բանակը», համաձայնել են վերսկսել Բեռլինում տարվա սկզբին համաձայնեցված «5+5» ֆորմատով* բանակցություններն՝ ուղղված երկրում հրադադարի հաստամանը։
Այս մասին հունիսի 1-ին հայտնել է Լիբիայում ՄԱԿ֊ի աջակցության առաքելությունը։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ՄԱԿ֊ը հույս ունի այս անգամ հասնել հրադադարի մասին վերջնական պայմանավորվածության, որի մեծ մասը համաձայնեցվել է նույն ֆորմատով անցկացված բանակցությունների նախորդ երկու փուլերի արդյունքում։
«5+5» ֆորմատով հանձնաժողովում ընդգրկված են Լիբիայի հակամարտող կողմերից յուրաքանչյուրի 5 բարձրաստիճան սպա, բանակցությունները համակարգում է Ղասսան Սալամեն՝ Լիբիայում ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ու ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը։
Բացի այդ՝ ՄԱԿ֊ը կոչ է անում կոնֆերանսի անդամ այն երկրներին, որոնք ռազմական աջակցություն են տրամադրում Լիբիայի հակամարտող կողմերին, հարգել Բեռլինում ընդունված թիվ 2510 բանաձևն, ըստ որի էմբարգո էր սահմանվում Լիբիային ռազմական աջակցություն մատակարարելու համար, և վերջ տալ ռազմական ցանկացած տեսակի օգնությանը։
Նախատեսվում է բանակցությունների հաջորդ փուլերը, նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով, անցկացնել տեսակոնֆերանսների միջոցով։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Բեռլինում կայացել էր Լիբիայի հարցով կոնֆերանս, որին բացի Լիբիայում հակամարտող երկու կողմերի ներկայացուցիչներից՝ Խալիֆա Հաֆթարից և Ֆաիզ ալ֊Սարաջից, ներկա էին ԱՄՆ, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եգիպտոսի և այլ երկրների առաջնորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոմիության և ՄԱԿ֊ի ներկայացուցիչներ։
Կոնֆերանսի արդյունքում կողմերը կազմեցին 55 կետից բաղկացած համաձայնագիր, ըստ որի՝ Լիբիայում պետք է հաստատվեր հրադադար, պետք է արգելվեր լիբիական կոնֆլիկտին միջազգային միջամտությունը, մասնակից երկրները պարտավորվում էին հակամարտող կողմերից որևէ մեկին չաջակցել և զինտեխնիկա չմատակարարել։
Համաձայնագրով ստեղծվեց ռազմական հանձնաժողովը «5+5» ֆորմատով՝ ընդգրկելով հակամարտող կողմերի 5-ական ներկայացուցչի, որի նպատակն է Լիբիայում ամբողջական հրադադար հաստատելուն ուղղված բանակցությունների կազմակերպումը։