ՀՀ զինված ուժերում նոր կորոնավիրուսով (COVID-19) վարակված են հիմնականում պայմանագրային զինծառայողները և սպայական որոշակի կազմը։ Եղել են նաև վարակման դեպքեր ժամկետայինների շրջանում, սակայն նրանք բուժվել են։
Այս մասին հունիսի 3-ին Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«․․ Հիվանդների մեծամասնությունը զորամաս ելումուտ ունեցողների մեջ են։ Վիճակն, իհարկե, վերահսկելի է, որևիցե միջոցի պակաս ՊՆ֊ում չկա, ո՛չ հիվանդասենյակների, ո՛չ հիվանդատեղերի, ո՛չ դեղամիջոցների»,֊ ասաց Բալայանը։
Աժ ելույթից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում էլ փոխնախարարը հայտարարեց, որ զորակոչի բուն համալրման փուլը սկսելու է հուլիսի 1-ից, իսկ զինծառայողները թեստավորվելու են, եթե դրա համար լինի բժշկական ցուցում։
Փոխնախարարը նաև նշեց, որ զորակոչն իրականացնելու գործընթացում որոշակի փոփոխություններ են մտցվել․
«Այլևս չի թույլատրվելու ծնողների և հարազատների մուտքը կենտրոնական հավաքակայան, բայց մենք հանձնառություն ենք վերցրել և բոլոր զորակոչային և զորահավաքային ծառայությունների տարածքային ստորաբաժանումներում տեղադրել ենք մոնիտորները, և ուղիղ կապով, ցանկացած մարզում և ցանկացած համալրման տարածքային ստորաբաժանումում ծնողները կարող են հետևել, թե ինչպես է ընթանում զորակոչը։ Օնլայն՝ իհարկե, գաղտնագրված կապի միջոցով կարողանալու են հետևել, թե որտեղ է վիճակահանությամբ նախորոշվելու իրենց զինակոչիկը»,֊նշեց Բալայանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 1-ից մեկնարկում են զորակոչի նախապատրաստական աշխատանքները։ Իսկ հուլիսից մինչև օգոստոսի 30-ն արդեն զորքեր կզորակոչվեն նրանք, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, ինչպես նաև նրանց, որոնց տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը։