Լիբիայում իրավիճակը լարված է. Տրիպոլիի օդակայանում մարտեր են ընթանում

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի միջազգային օդանավակայանի մոտ շարունակվում են արյունալի բախումները  մի շարք զինված խմբավորումների անդամների միջև։ Դրանց արդեն զոհ են գնացել առնվազն 47 հոգի, վիրավորվել են 120-ը։

Տրիպոլիի միջազգային օդակայանը

Տրիպոլիի միջազգային օդակայանը

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, մարտերն ընթանում են հիմնականում «Ալ Քաաքա» ու «Սավաիք» անունը կրող խմբավորումների և նրանց դեմ մարտնչող «Տրիպոլի» և «Միսուրատի» խմբավորումների զինյալների միջև, որոնք ըստ էության վերահսկում են օդանավակայանը։

Նկատենք, որ Տրիպոլիի օդանավակայանը կարևոր ռազմավարական նշանակություն ունի։ Բացի իր բուն գործառույթներից, շնորհիվ զբաղեցրած դիրքին, այն միակ կապող օղակն է Տրիպոլիի տարածքի և Լիբիայի շրջանների միջև։ Հաշվի առնելով օդակայանի տարածքում ծավալվող իրադարձությունները՝ Լիբիայի բնակիչները արտերկիր մեկնելու նպատակով նախ հարկադրված են հասնել Թունիս, ապա այնտեղից օդանավակայանի միջոցով ցանկացած այլ վայր։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ շաբաթ առաջ Տրիպոլիի օդանավակայանում մարտերի ընթացքում սպանվել էր 9, վիրավորվել՝ 20 մարդ։

Հավելենք, որ Լիբիայի իշխանությունները հուլիսի 18-ին դիմել էին ՄԱԿ ԱԽ-ին՝ հայցելով օգնություն երկրում ներքին ճգնաժամը հաղթահարելու և կարգուկանոն հաղթահարելու հարցում։ Հակառակ դեպքում, համաձայն Լիբիայի պաշտոնական տվյալների, Լիբիան վերածվելու է «անհավասարակշռության օջախի»: Լիբիայի արտգործնախարար Մոհամեդ Աբդելազիզը շեշտել է՝ իրենց հատկապես անհրաժեշտ է ՄԱԿ-ի աջակցությունը նավթահանքերը, օդանավակայանները, նավահանգիստներն ու այլ կարևորագույն օբյեկտները հարձակումներից պաշտպանելու համար։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ՄԱԿ-ը հուլիսի 14-ին տարհանել է Լիբիայի տարածքից իր աշխատակիցներին՝ հաշվի առնելով Լիբիայի կառավարական ուժերի ու զինյալների խմբավորումների հարաբերությունների սրացումը, ինչը կարող է անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների հանգեցնել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *