Լիբիայում Թուրքիայի դեմ ավիահարվածներ են նախապատրաստվում. Bloomberg

Լիբիայի արևելքում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ գործող «Լիբիայի ազգային բանակը» (LNA) պլանավորում է ավիացիոն արշավ սկսել Թուրքիայի դեմ՝ թիրախավորելով Լիբիայի բոլոր շրջաններում տեղակայված թուրքական դիրքերը։

Այս մասին գրում է ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում անելով Լիբիայի ազգային բանակի ռազմաօդային ուժերի պետ Սաքր ալ֊Ջարուշին, որը, ինչպես նշվում է աղբյուրում, Bloomberg֊ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը։

Ալ֊Ջարուշին նշել է, որ «թուրքական օբյեկտներն իրենց ավիացիոն ուժերի համար լեգիտիմ թիրախներ են», և հորդորել է քաղաքացիականներին հեռու մնալ դրանցից։

«Առաջիկա ժամերին դուք տեսնելու եք Լիբիայի պատմության մեջ ամենամեծ ավիացիոն արշավը»,֊ըստ աղբյուրի ասել է Ջարուշին։

Հաֆթարի հակառակորդ «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) անվտանգության պետ Ֆաթհի Բաշեղան էլ գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե իրենց տեղեկություններով Սիրիայի ռուսական Հմեիմիմ ավիաբազայից Հաֆթարին աջակցելու համար Լիբիա են մեկնել 6 միավոր ՄիԳ-29 և 2 միավոր «Սուխոյ» Սու-24 կործանիչներ։ Ըստ Բաշեղայի հայտնի չէ՝ արդյոք այդ կործանիչները նախկինում Հաֆթարի ուժերին էին պատկանում և մեկնել էին վերանորոգման նպատակով, թե՞ սրանք նոր համալրումներ են։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին «Լիբիայի ազգային կառավարությունը» հայտարարեց, որ գրավել է Տրիպոլիից հարավ տեղակայված ալ֊Վաթիյա ավիաբազան, որը Հաֆթարի վերահսկողության տակ էր անցել 2014թ.։


2011թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: 

Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։

«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր:

Արևմտյան կառավարությանը 2020թ. հունվարից պաշտոնապես աջակցում է Թուրքիան, որը ռազմանավեր, ավիացիոն միջոցներ և զորախմբեր է ուղարկել Լիբիա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *