Ռուսաստանի նախագահի հրամանով՝ մայիսի 19-ից ՌԴ պաշտպանության նախարարությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը լծվել են Կորոնավիրուսի դեմ պայքարի գործին, քանի որ Ռուսաստանի նախագահի բնութագրմամբ՝ «Դաղստանում իրավիճակը բարդ է»։
Երեկ արդեն համացանցում հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է Դաղստանը ամբողջությամբ ախտահանման մեկնող ԱԻՆ մեքենաների շարասյունը։
Երեկ հայտնի դարձավ նաև, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, Դաղստանի ղեկավարի խնդրանքով և ՌԴ նախագահի հրամանով, շրջանի տարածքում կորոնավիրուսով վարակված 200 պացիենտ տեղավորող բժշկական կենտրոն կկառուցի։ ՌԴ ՊՆ-ն կարճ ժամանակում այսպիսի 16 հոսպիտալ կառուցելու և շահագործման հանձնելու փորձ ունի։ Շինարարությունը կատարվել էր 24 ժամ ֆորմատով, յուրաքանչյուրի վրա աշխատում էր 700 մարդ։
Դաղստանը Ռուսաստանի շրջաններից վիրուսի հաստատված դեպքերի թվով այս պահին 5-րդ տեղում է։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այստեղ կորոնավիրուսով հիվանդ է 3643 մարդ, մահացել է 36-ը։ Սակայն իրավիճակն այդքան էլ միանշանակ չէ։ Այստեղ 10 հազար մարդ էլ հիվանդ է թոքաբորբով, նրանցից շուրջ 700-ը մահացել է։ Թիվը շարունակում է աճել։
Դաղստանի առողջապահության նախարարը հարցազրույցներից մեկում ասում է, որ սկզբունքային տարբերություններ չկան COVID-19 թոքաբորբի և այլ թոքաբորբերի և բուժման միջև, սակայն քանի որ կորոնավիրուսի առկայության լաբորատորական հատատում չկա, վիճակագրությունը կազմվում է առանձին։
Ընդդիմադիր ԶԼՄ-ները պատմում են (1,2), որ Դաղստանի հիվանդանոցներում ազատ տեղ չկա, իրավիճակը էլ ավելի բարդ է վերակենդանացման բաժանմունքներում, որտեղ տեղի պակասից բացի, զգացվում է նաև ռեանիմատոլոգների պակաս, որոնք կարող են աշխատել թոքերի արհեստական օդափոխման սարքերի հետ։
«Монитор пациента» իրավապաշտպանական կազմակերպության ղեկավարի խոսքով՝ ի տարբերություն կորոնավիրուսով հաստատված պացիենտներին բուժող բուժաշխատողների, «թոքաբորբից» բուժվող հիվանդների հետ աշխատող բուժաշխատողները Դաղստանի հիվանդանոցներում հիմնականում չունեն պաշտպանիչ հագուստ։ Այդ պատճառով բարձր է մահացությունը նաև բուժաշխատողների շրջանում․ մահացել է ավելի քան 40 բուժաշխատող։

Առողջապահության նախարարի խոսքով՝ թեստերն ուղարկվում են Մոսկվայի լաբորատորիաներ, այս պահին լաբորատորիա է ներդրվում նաև Դաղստանի տարածքում։ Ընդդիմադիր «Մեդուզա» լրատվակայքը գրում է, որ լինում են նաև դեպքեր, երբ թեստը կատարվում է, սակայն պացիենտները այդպես էլ չեն ստանում պատասխանը և բժիշկները ստիպված առաջնորդվում են «դե եթե դրական պատասխանը չի եկել, ուրեմն բացասական է» սկզբունքով։
Դաղստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է մարտի 27-ին։ Չնայած պատկան մարմինների՝ բազամաքանակ միջոցառումներ չանցկացնելու հորդորին, գյուղերից մեկում հենց նույն օրը կատարվել է պսակադրություն։ Պսակադրությանը մասնակցել է 400-500 մարդ։ Կալինինգրադից հարսանիքին մասնակցելու համար ժամանած հյուրերից մեկին հարսանիքից հետո տարել և պտտեցրել են գյուղով։ Արդեն օդանավակայանում հյուրի ինքնազգացողությունը վատացել է, պարզվել է, որ նա հիվանդ է նոր կորոնավիրուսով։
Դաղստանում կորոնավիրուսով վարակվել են նաև սպորտսմեն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը։ Սպորտսմենը պատմում է, որ իր գերդաստանից շուրջ 20 հոգի վարակվել է, նրանցից մի քանիսն անգամ մահացել են։