Թուրքիան Լիբիա զորք կուղարկի

Հունվարի 2-ին Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի արտահերթ նիստում 184 դեմ, 325 կողմ ձայնով ընդունվել է Լիբիա զորք ուղարկելու մասին բանաձևը:

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները` նշելով, որ բանաձևի համաձայն թուրքական զորքերը Լիբիայում կլինեն մեկ տարով:

Բանաձևի ընդունումից հետո սպասվում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և ԶՈւ գլխավոր շտաբը պետք է հայտարարեն Լիբիա ուղարկվելիք զորքի թիվը:

Հիշեցնենք, որ 2019թ. նոյեմբերի 27-ին Թուրքիայի և Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարության» միջև ստորագրվել էր «Անվտանգության և ռազմական համագործակցության մասին» համաձայնագիր:

Դեկտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը վավերացրել էր այդ համաձայնագիրն, իսկ երկու օր անց հայտարարել, որ Ազգային Ժողովի ձմեռային նստաշրջանի հենց մեկնարկին քննարկվելու է Լիբիա զորք ուղարկելու հարցը, սակայն, ինչպես երևում է, ձմեռային նստաշրջանի մեկնարկին սպասելու փոխարեն ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացրել:

Հավելենք, որ Լիբիայում 2011թ․ քաղաքացիական պատերազմից հետո այժմ գործում է երկու կառավարություն։ Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է գեներալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ գործող «Լիբիայի ազգային բանակի» (Libyan national army) վրա։ Հաֆթարի ուժերը «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019թ․ ապրիլից վերսկսել են պայքարը։ 

«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր:

Թուրքիան աջակցում է Հաֆթարի դեմ կռվող «Ազգային համաձայնության կառավարությանը»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *