Հնարավոր է՝ Թուրքիան Լիբիա զորք ուղարկի

Դեկտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է Թուրքիայի և Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարության» միջև ստորագրված «Անվտանգության և ռազմական համագործակցության մասին» համաձայնագիրը, ըստ որի՝ լիբիական կողմի պահանջի դեպքում Թուրքիան և Լիբիան կարող են համատեղ պաշտպանական և անվտանգության գրասենյակ ստեղծել՝ համապատասխան անձնակազմով։

Համաձայնագրի հաստատման մասին օրենքը դեկտեմբերի 27-ին տեղադրվել է Թուրքիայի պետական “Resmi Gazete” թերթում։ Համաձայնագիրն Էրդողանի և Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» վարչապետ Ֆաիզ Սարաջի միջև ստորագրվել էր նոյեմբերի 27-ին, իսկ Թուրքիայի խորհրդարանում ընդունվել՝ դեկտեմբերի 21-ին։

Համաձայնագիրը հաստատելուց հետո, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Էրդողանը երկրի իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության նահանգապետերի ընդլայնված համաժողովի ընթացքում հայտարարել է, որ լիբիական կողմից զորք ուղարկելու առաջարկ է ստացվել և Թուրքիայի Ազգային ժողովը ձմեռային նստաշրջանի մեկնարկին առաջինը քննարկելու է Լիբիա զորք ուղարկելու հարցը․

«Հունվարի 8-9-ին առաջարկը կընդունվի Ազգային ժողովում և այդպիսով մենք կընդունենք [«Լիբիայի ազգային համաձայնության կառավարության»] հրավերը»,– հայտարարել է Էրդողանը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ «Լիբիայի ազգային համաձայնության կառավարության» ներքին գործերի նախարար Ֆեթհի Բաշաղան այսօր հայտարարել է, որ եթե Հաֆթարի զորքերը շարունակեն Տրիպոլիի վրա հարձակումն, ապա իրենք ստիպված են լինելու Թուրքիայի օգնությանը դիմել։

Հիշեցնենք, որ Լիբիայում 2011թ․ քաղաքացիական ապտերազմից հետո այժմ գործում է երկու կառավարություն։ Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է գեներալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ գործող «Լիբիայի ազգային բանակի» (Libyan national army) վրա։ Հաֆթարի ուժերը «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019թ․ ապրիլից վերսկսել են պայքարը։

«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *