Իրաքում սպանվել է Իրանի ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին

Հունվարի 3-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում ամերիկյան ուժերի ավիահարվածներից սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի Հաշդ-ալ-Շաաբի ուժերի հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսը:

Տեղեկությունն առաջինը տարածել էր «Ալ Մայդանի» լրատվական գործակալությունը, ավելի ուշ այն հաստատվեց թե´ ԻՀՊԿ-ից, թե´ Պենտագոնից:

Պենտագոնից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ «Սոլեյմանին մի շարք հարձակումներ էր ծրագրել ամերիկյան դիվանագետների դեմ»:

Նշենք, որ ՄԱԿ ԱԽ՝ 2007 թվականին ընդունված 1747 բանաձևով ՄԱԿ-ի անդամ երկրներին արգելվում էր ընդունել կամ այլ երկիր տեղափոխել Սոլեյմանիին։ Սոլեյմանին ընդգրկված էր նաև ԱՄՆ ահաբեկիչների ցուցակում։

Իսկ ըստ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի 2016 թվականին արված հայտարարության՝ Իրանի պատժամիջոցների չեղարկումից հետո էլ Սոլեյմանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ուժի մեջ են լինելու։

Հիշեցնենք, որ «Ղոդս» ստորաբաժանումը Սոլեյմանիի գլխավորությամբ համակարգում էր Իրանի գործողությունները Սիրիայում։

Նշենք, որ դեկտեմբերի 31-ին Հաշդ ալ-Շաաբի ուժերը ցույցեր էին կազմակերպել Բաղդադում ամերիկյան դեսպանատան մոտ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *