Հունվարի 3-ին, Իրանի ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որտեղ հորդորում է իր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել Իրաքի տարածքը։
Հայտարարությունը տեղադրված է Իրաքում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում։ Նշվում է, որ ԱՄՆ բոլոր հյուպատոսություններն Իրաքի տարածքում փակ են, դեսպանատանը չպետք է դիմել, վիզայի և այլ հարցերի համար բաց կլինի միայն Էրբիլում (Իրաքյան Քրդստանում) ամերիկյան հյուպատոսարանը։
Դեսպանատանը պնդում են, որ պետք է այդ երկրից անմիջապես հեռանալ օդային ճանապարհով, իսկ եթե դա հնարավոր չէ՝ գնալ այլ հարևան երկրներ՝ ցամաքով։
Բացի այդ՝ ԱՄՆ֊ն հորդորում է իր քաղաքացիներին մշտադիտարկման տակ պահել համաշխարհային մեդիան զարգացումներին տեղյակ լինելու համար։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայնի մոտակայքում ամերիկյան ուժերի ավիահարվածներից սպանվել էին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ֊մայոր Ղասեմ Սոլեյմանին և Իրաքում Իրանի հովանավորությամբ գործող Հաշդ ալ֊Շաաբի ուժերի հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսը։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 31-ին Իրաքի շիայական ուժերը ցույց էին կազմակերպել ԱՄՆ դեսպանության դիմաց, ապա փորձել հարձակվել դեսպանատան վրա, ամերիկյան կողմը կարողացել էր էվակուացնել բոլոր աշխատակիցներին, իսկ ցուցարարների դեմ կիրառվել էր արցունքաբեր գազ։