Լիբիական ճգնաժամի միակ լուծումը զինադադարն է ու վերադարձը քաղաքական գործընթացին. ԱՄԷ

Լիբիայում 2019թ. գարնանից երկու կառավարությունների միջև վերսկսված ճգնաժամի միակ լուծումն Արաբական միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարը համարում է անհապաղ զինադադար հաստատելն ու վերադարձը քաղաքական գործընթացներին։

Այս մասին նախարար Անուար Գարգաշը գրել է իր թվիթերյան էջում, փոխանցում է միջազգային Reuters լրատվական գործակալությունը։ Գարգաշը նշել է, որ լիբիական ճգնաժամում ԱՄԷ֊ի դիրքորոշումը պարզ է, և այն կիսում է միջազգային հանրության մեծամասնությունը։

Նշենք, որ ԱՄԷ֊ն ու Եգիպտոսն աջակցում են Լիբիայի արևելքում Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ գործող Ներկայացուցիչների պալատին, որի հիմնական կռվող ուժը Լիբիայի ազգային բանակն է (LNA)՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ Հաֆթարի ուժերի ու երկրի արևմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաք֊կենտրոնով գործող «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) միջև պայքարը վերսկսվել է 2019թ. ապրիլին։ Այն սկսել են Հաֆթարի ուժերը նպատակ ունենալով հետ գրավել երկրի արևմտյան մասերը։ Արևտմյան կառավարությանն էլ աջակցում է Թուրքիան, որը 2020թ. հունվարի պաշտոնապես հայտարարեց Լիբիա զորքեր ուղարկելու մասին։

Վերջին բախումների արդյունքում «Ազգային համաձայնության կառավարության» ուժերը գրավել են մայրաքաղաք Տրիոպոլիից հարավ֊արևմուտք տեղակայված ալ֊Վաթիյա ավիաբազան, որը 2014թ. անցել էր Հաֆթարի վերահսկողության տակ։


2011թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: 

Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։

«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *