Թուրք-ռուսական ուժերն Իդլիբում ցամաքային և օդային պարեկություն են իրականացրել

Սիրիայի Իդլիբ նահանգի Մ4 մայրուղու երկայնքով ռուս֊թուրքական համատեղ ուժերը մարտի 5-ին ձեռքբերված համաձայնության շրջանակներում անցկացրել են 12-րդ պարեկային գործողությունը։

Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ գործողություններին մասնակցել են և՛ ցամաքային, և՛ ռազմաօդային միջոցներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ ռազմական գործողություն էին սկսել Իդլիբ նահանգի Նայրաբ բնակավայրից, որը տեղակայված է Մ4 մայրուղու մոտակայքում՝ փորձելով առաջ շարժվել դեպի Մ5 մայրուղի։ Նայրաբը գրավելուց հետո զինյալներին հաջողվել էր նաև վերցնել երկու մայրուղիների հատման կետում տեղակայված Սարաքիբ բնակավայրը, որը մի քանի օր անց հետ գրավվեց Սիրիայի կառավարական ուժերի կողմից։

Իրավիճակն Իդլիբում ավելի սրվեց, երբ փետրվարի 27-ին Սիրիայի կառավարական ուժերի հարվածներից սպանվեց 33, վիրավորվեց 32 թուրք զինծառայող։ Սիրիայի բանակին աջակցող Ռուսաստանը հայտարարեց, որ նախորոք թուրքական կողմի տված կոորդինատների համաձայն այդ տարածքում թուրք զինծառայողներ չպետք է լինեին, այդ մասին չեն իմացել նաև Սիրիայի կառավարական ուժերը։

Դրանից հետո Թուրքիան հայտարարեց Իդլիբում «Գարնանային վահան» կոչված գործողության մեկնարկի մասին։ Թե՛ թուրքական, թե՛ սիրիական կողմերը նշանակալի կորուստներ ունեցան, հատկապես՝ ավիացիոն միջոցների տեսքով։

Մարտի 5-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվեց համաձայնագիր Իդլիբում իրավիճակի կարգավորման շուրջ։

Ըստ այդ համաձայնագրի՝

  • Մարտի 6-ի կեսգիշերին ժամը 00։00֊ի դրությամբ Իդլիբում հաստատվում էր հրադադար;
  • Մ4 մայրուղուց հյուսիս և հարավ 6֊ական կմ խորությամբ հաստատվում էր անվտանգության գոտի։ Անվտանգության գոտու մանրամասները 7 օրվա ընթացքում պետք է հաստատվեին ՌԴ և ԹՀ ՊՆ֊ների կողմից;
  • Մարտի 15-ից Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերը Մ4 մայրուղու երկայնքով՝ Թրումբա բնակավայրից դեպի Այն ալ Հավր բնակավայրն իրականացնելու էին համատեղ պարեկային ծառայություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *