Թուրքիան F-35-երի մասեր դեռ արտադրում է, բայց կարող է կասեցնել մատակարարումը. Թրամփ

Ամերիկյան F-35 կործանիչների ֆյուզելաժը (հիմնական կմախք) արտադրվում է Թուրքիայում, հետո միայն մատակարարվում ԱՄՆ։ Եթե Թուրքիա֊ԱՄՆ հարաբերությունները վատթարանան, ապա Թուրքիան կարող է կասեցնել պահեստամասերի մատակարարումը։

Այս մասին ամերիկյան FOX News հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն՝ անդրադառնալով այն խնդրին, որ ամերիկյան կործանիչի պահեստամասերը հիմնականում արտադրվում են ԱՄՆ֊ից դուրս՝ F-35-երի արտադրության ծրագրի անդամ երկրներում․

«Հարցն այն է, որ եթե մենք խնդիրներ ունենանք մի երկրի հետ, չենք կարող ինքնաթիռն արտադրել։ Մենք դրա պահեստամասերը ստանում ենք բոլոր կողմերից։ ․․․ Մենք պետք է ամեն ինչն արտադրենք ԱՄՆ֊ում»֊ասել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ F-35 կործանիչների արտադրության մասին

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ֊ն կարող է այնպես անել, որ կործանիչի բոլոր պահեստամասերն արտադրվեն ԱՄՆ֊ում, Թրամփը դրական է պատասխանել ու նշել, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ։

Թրամփը հայտարարել է, որ այսօր ԱՄՆ֊ն լավ հարաբերություններ ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, սակայն այլ հարց է, թե ինչ կլինի, եթե այդ հարաբերությունները վատթարանան։

Հիշեցնենք, որ ԱՄՆ֊Թուրքիա հարաբերությունները կործանիչի արտադրման շրջանակներում, առանց այն էլ, արդեն վատ են, քանի որ 2019թ. հուլիսին ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը գնելու համար Թուրքիան պաշտոնապես հեռացվել է ծրագրից։

Այնուամենայնիվ, ԱՄՆ կառավարության հաշվեքննիչ պալատն օրեր առաջ Կոնգրեսի հանձնաժողովներին էր ներկայացրել F-35-երի ծրագրի վերանայման զեկույցը, որտեղ նշվում էր, որ թեև Թուրքիայի մասնակցությունը կործանիչների արտադրման ծրագրին դադարեցվել է, սակայն Թուրքիան առայժմ շարունակում է կարևոր պահեստամասերի արտադրությունն ու մատակարարումը։

Զեկույցում նաև նշվում էր, որ Թուրքիայի դուրս բերումը ծրագրից սրելու է մատակարարման շղթայում առկա մարտահրավերները, ու թեև թուրքական կողմի տրամադրած պահեստամասերն արտադրելու համար գտնվել են նոր աղբյուրներ, սակայն այդ աղբյուրներն էլ դժվարությամբ են տալիս արտադրանք։

Նշենք, որ F-35-երի արտադրության ծրագրին մինչ 2019թ. անդամակցում էր 9 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ֊ն, Մեծ Բրիտանիան, Ավստրիալիան, Կանադան, Դանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իտալիան և Թուրքիան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *