ԱՄՆ-ն Սիրիայի արևելքում նոր ռազմաբազա է հիմնել. SOHR

Անցած շաբաթվա ընթացքում ամերիկյան մոտ 300 բեռնատար մտել է Սիրիա ու հիմնականում ուղևորվել արևելյան Դեր Զոր քաղաքի ալ֊Հազրաթ բնակավայր։ Բեռնատարները տեղափոխել են զենք, զինամթերք, ռազմական ու լոգիստիկ սարքավորումներ։

Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» (Syrian Observatory for Human Rights) կազմակերպությունը։ Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ֊ն այս տարածքում ստեղծել է իր հերթական ռազմաբազան։

Կազմակերպությունը հայտնում է, որ ԱՄՆ֊ն նաև ընդլայնում է Դեյր Զորի արևելյան ալ֊Օմար բնակավայրում տեղակայված ռազմաբազան։ Նշենք, որ, ըստ աղբյուրի, երկու ռազմաբազան էլ տեղակայված են նավթով հարուստ շրջաններում՝ այն տարածքներում, որոնք գտնվում են քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDF) վերահսկողության տակ։

Հիշեցնենք, որ 2019թ. նոյեմբերին թուրքական մի քանի աղբյուր գրում էին Դեր Զոր քաղաքում՝ նավթային հանքավայրերի մոտ ԱՄՆ երկու նոր զորամասի կառուցման մասին։ Նշվում էր, որ նոր զորամասերի կառուցումը հետևել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարք Էսփերի հայտարարությանը, թե Սիրիայի արևելքում տեղակայվելու են ԱՄՆ մեխանիզացված ուժերը՝ նավթային հանքավայրերն ԻՊ֊ից պաշտպանելու համար։

Հավելենք, որ 2019թ. հոկտեմբերին, մինչև Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում կսկսեր Թուրքիայի զինված ուժերի «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը, Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ-ն չի աջակցելու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախատեսած ռազմական գործողությանն ու դուրս է բերելու իր զորքերը Սիրիայից, ինչը նշանակում էր, որ Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում քրդական ուժերը թուրքական սպառնալիքի առաջ մնում էին միայնակ, քանի որ մինչ այդ նրանց աջակցում էր ԱՄՆ-ն։

Սպիտակ տան հայտարարությունից մի քանի ժամ անց համացանցում տեղեկություններ, լուսանկարներ ու տեսանյութեր տարածվեցին Սիրիայի հյուսիսային՝ Եփրատից արևելք ընկած շրջաններից, ամերիկյան զորքերի դուրսբերման մասին։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրում էր, որ ԱՄՆ֊ն Սիրիա էր մտել միայն 30 օրով, սակայն արդեն երկար տարիներ այդ երկրում է, իսկ հիմա «ժամանակն է տուն վերադարձնել ամերիկացի զինծառայողներին» և կռվել միայն ԱՄՆ համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *