ԱՄՆ-ն Սիրիայի արևելքում երկու նոր զորամաս է կառուցում․ թուրքական աղբյուրներ

ԱՄՆ-ն Սիրիայի Դեր Զոր քաղաքում՝ նավթային հանքավայրերի մոտ, երկու նոր զորամաս է կառուցում, որոնցից մեկը նախկինում Սիրիայի բանակի ՀՕՊ 113-րդ բրիգադի տեղակայման վայրն է եղել։

Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը, հղում անելով տեղի իր աղբյուրներին։ Նշվում է, որ ԱՄՆ-ն 250-300 լրացուցիչ անձնակազմ, զրահամեքենաներ և ծանր սպառազինություն է ուղարկել։

Սիրիայի բանակի ՀՕՊ 113-րդ բրիգադի տեղակայման վայրն` ըստ Google քարտեզի
Սիրիայի բանակի ՀՕՊ 113-րդ բրիգադի տեղակայման վայրն` ըստ Google քարտեզի

Թուրքական իշխանամետ «Հաբերթյուրք» գործակալությունն էլ հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում էր ամերիկյան շարասյան տեղաշարժը։

Թուրքական աղբյուրը նշում է, որ նոր զորամասերի կառուցումը հետևել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարք Էսփերի հայտարարությանը, որ Սիրիայի արևելքում տեղակայվելու են ԱՄՆ մեխանիզացված ուժերը՝ նավթային հանքավայրերը պաշտպանելու համար։

Հոկտեմբերի 24-ին Մարք էսփերը հայտարարեց, որ ԱՄՆ զորքը Սիրիայում 1000-ից ավել չի լինելու և նպատակ ունի պաշտպանել նավթով հարուստ տարածքներն ԻՊ-ից։ Այս զորքը ևս, ըստ Էսփերի, շուտով վերադառնալու է ԱՄՆ։

Նույն օրը նավթի մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը․

Հիշեցնենք, որ Սիրիայի արևելքում հոկտեմբերի 9-ին Թուրքիան պաշտոնապես սկսել էր «խաղաղության ակունք» գործողությունն՝ ուղղված քրդական YPG և SDF ուժերի դեմ։ Գործողությունն, ըստ էության, ավարտվեց հոկտեմբերի 22-ին՝ ռուս-թուրքական համաձայնագրի արդյունքում, ըստ որի՝ քրդական ուժերը պետք է հետ քաշվեին 30 կմ խորությամբ, ինչն էլ Թուրքիան որակել էր որպես «անվտանգության գոտի»։ Բացի այդ՝ համաձայնագրի 6-րդ կետրով YPG-ն պետք է ազատի նաև Մանբիջն ու Թել-Ռիֆաթը։

Դրանից հետո թուրք-սիրիական սահմանի Սիրիայի հատվածում 10 կմ խորությամբ, թուրքական գործողության շրջանների արևմուտքում և արևելքում, բացառությամբ՝ Ղամիշլիի, ռուս-թուրքական զորքերն սկսելու էին համատեղ պարեկային ծառայություններ։

Թուրքական գործողության հենց սկզբում ԱՄՆ-ն հայտարարեց, որ դուրս է բերելու իր զորքերը Սիրիայից, քանի որ ԱՄՆ նպատակը՝ ԻՊ-ի դեմ պայքարն ավարտված էր։ ԱՄՆ զորքերը պետք է տեղափոխվեին Իրաք, իսկ մոտ ապագայում վերադառնային ԱՄՆ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *