ՌԴ ռազմաօդային ուժերը համալրվել են արդիականացված Տու-160 ռմբակոծիչներով

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ստացել է արդիականացում անցած 2 միավոր Տու-160 մարտավարական ռմբակոծիչ (Ту-160): Դրանք կոչվում են «Իվան Յարըգին» և «Վասիլի Ռեշետնիկով»:

Այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը: 

Նշվում է, որ արդիականացվել են Տու-160 մարտավարական ռմբակոծիչների իներցիոն նավիգացիայի և շարժիչների կառավարման համակարգերը: 

Տու-160 գերձայնային մարտավարական հրթիռակիր ռմբակոծիչը ունակ է զարգացնել 2200 կմ/ժ արագություն, ինչը ռեկորդային ցուցանիշ է այդ դասի ինքնաթիռների շրջանում: Այն ունակ է միաժամանակ կրել 12 թևավոր հրթիռ: Ռուսաստանում Տու-160-ները հայտնի են նաև «Սպիտակ կարապ» (Белый лебедь), իսկ ՆԱՏՕ-ական կոդավորմամբ՝ «Բլեքջեք» (Blackjack) անվանմամբ:

Տու-160 ռմբակոծիչները սերիական արտադրության են դրվել ԽՍՀՄ-ում 1984 թ.: Մինչև 1994 թ. արտադրվել է 35 միավոր, այնուհետև արտադրությունը դադարեցվել է: Մարտավարական ռմբակոծիչների արտադրությունը վերականգնելու մասին կարգադրություն ՌԴ ՊՆ Սերգեյ  Շոյգուն տվել էր դեռևս 2015 թ.: 2017 թ. մայիսի 27-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ զինված ուժերի սպառազինությունում առկա 16 միավոր Տու-160 ռմբակոծիչները պետք է արդիականացվեն: Իսկ 2019 թ. դեկտեմբերին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը  հայտնել էր, որ հեռահար ավիացիայի ոլորտում շարունակվում է Տու-160 հրթիռակիրների արդիականացումը: 

Ավելացնենք, որ Ռուսաստանը նշված ռմբակոծիչները կիրառել է նաև 2015 թ. Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներ հասցնելու նպատակով: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *