Հակառակորդի գործողությունների բնույթը հաշվի առնելով` ապրիլի 20-23-ը ՊԲ հարավային զորամասերից մեկը անցկացրել է գնդային մարտավարական զորավարժություն։
Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Գումարտակներից մեկի ուժեղացված կազմով անցկացված մարտական հրաձգության փուլում խաղարկվել են պաշտպանողական ու հարձակողական մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով ինչպես ապրիլյան մարտերի գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ զորամասի առջև դրված իրական խնդիրները:

Ստորաբաժանումները կազմակերպել են զբաղեցրած շրջանի պաշտպանությունը և կասեցրել են մխրճված հակառակորդի հետագա առաջխաղացումը։
Այնուհետև, վերախմբավորելով ուժերը և ստանալով համապատասխան կրակային աջակցություն` զրահատանկային ուժերի, հրետանու և հակաօդայինների օգնությամբ խոցել են հակառակորդի կենդանի ուժ և զինտեխնիկա, դիմել հակագրոհի և վերականգնել առաջնագիծն ու զբաղեցրել շատ ավելի նպաստավոր բնագծեր:
Զորավարժությանը հետևելլ և մասնակիցներին ուսումնամեթոդական ցուցումներ է տվել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը։