ՌԴ պաշտպանության նախարարությունը ստորագրել է առաջին պայմանագրերը Տու-160 ռազմավարական ռմբակոծիչների արտադրությունը վերականգնելու նպատակով: Նոր ինքնաթիռները արտադրվելու են Տու-160Մ2 անվանումով, դրանց մեջ փոփոխված է լինելու գրեթե ամեն ինչ: Այս մասին, ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության, այսօր՝ հուլիսի 17-ին, հայտարարել է ՌԴ ՊՆ տեղակալ Յուրի Բորիսովը:
Ինքնաթիռի նոր տարբերակի արտադրությունն, ըստ պաշտոնյայի, սկսվելու է 2023-ին կամ ավելի ուշ, սակայն այդ ժամանակ արտադրված ինքնաթիռները շահագործվելու են մինչև 2060-ական թվականները:
Ռազմավարական ռմբակոծիչները ստանալու են նաև նոր սպառազինություն, մասնավորապես՝ նոր հրթիռներ, որոնք հնարավոր կլինի օգտագործել նաև ՊԱԿԴԱ ինքնաթիռների վրա:
Մինչ այս նախատեսվում էր, որ ՊԱԿԴԱ-ները (ПАК ДА — Перспективный авиационный комплекс дальней авиации) փոխարինելու են Ռուսաստանի սպառազինության մեջ եղած Տու-1620 և Տու-95 ռազմավարական ռմբակոծիչներին, սակայն փաստորեն ներկայում եղած ռմբակոծիչների շահագործումը նախատեսվում է շարունակվել մինչև 2060-ականները:
Սրա հետ կապված որոշման մասին 2015թ. ապրիլին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ըստ էության՝ չնշելով հին ինքնաթիռների արտադրության վերականգնման պատճառները:
Տու-160 (ռուս.՝ Ту-160) ռազմավարական ռմբակոծիչը շահագործման են հանձնել 1987-ին։ 4 հոգանոց անձնակազմ ունեցող ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 2 230 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 21 000 մետր է։ Մեկ լիցքավորմամբ ռմբակոծիչը կարող է անցնել մինչև 14 000 կմ կամ օդում մնալ մինչև 25 ժամ։
Սպառազինությունում Տու-160-ն ունի թևավոր հրթիռներ, ինչպես նաև ազատ անկման ռումբեր՝ 40 տոննա զանգվածով։ Համաձայն բաց աղբյուրների տվյալների՝ ներկայումս ռուսաստանյան օդուժի ավիապարկում շահագործվում է 16 միավոր Տու-160 ռմբակոծիչ։