120-ից ավել տարբեր տեսակի զենիթային հրթիռ Թուրքիա կմատակարարվի ծովային ճանապարհով. ՏԱՍՍ

Հուլիսի 12-ին Թուրքիա են հասել ռուսական Ս–400 ՀՕՊ համակարգերի պահեստամասերով բեռնված ինքնանթիռները։ Մոտակա ժամանակներում Անկարա կուղարկվի նաև երկրորդ խմբաքանակը, որը կներառի նաև համակարգերի սպառազինությունը։

Այս մասին հայտնում է ռուսական պետական «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով իր անանուն աղբյուրին։

Աղբյուրը հայտնել է, որ երրորդ փուլով՝ այս ամռան վերջ, Թուրքիային է մատակարարվելու ավելի քան 120 հատ տարբեր տեսակի զենիթային հրթիռ, որոնք ուղղարկվելու են արդեն ծովային ճանապարհով։

Նշվում է նաև, որ թուրք մասնագետների ևս մեկ խումբ է մեկնելու Ռուսաստան՝ վերապատրաստումների։ Եթե անցած մայիս-հունիս ամիսներին վերապատրաստում էին անցել մոտ 20 մասնագետ, ապա հուլիս-օգոստոսին մեկնող խմբում լինելու է 80 մասնագետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՕՊ համակարգերի պահեստամասերի առաջին խմբաքանակն արդեն հասել է Թուրքիա ու դրանք այժմ տեղափոխում են մայրաքաղաք Անկարայի մոտակայքում տեղակայված «Մյուրդեթ» (նախկին անունը՝ «Աքընջը») ավիաբազա։

Թուրքական CNN հեռուստաընկերությունը հայտնում էր, որ ավիաբազայում վայրէջք է կատարել ռուսական երրորդ բեռնատար ուղղաթիռը։ Նշենք նաև, որ ըստ թուրքական աղբյուրների առաջին փուլում մատակարարվելու էր մեկ մարտկոց։


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *