Թուրք օդաչուների դասընթացներն ԱՄՆ-ում դադարեցվել են. Պենտագոն

ԱՄՆ Արիզոնա նահանգում տեղակայված Լյուկ ավիաբազայում F-35 կործանիչների համար թուրք օդաչուների ընթացող դասընթացները դադարեցվել են` Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով։

Այս մասին Reuters միջազգային գործակալությանը հայտնել է Պենտագոնի մամուլի խոսնակ, ռազմաօդային ուժերի փոխգնդապետ Մայք Էնդրյուսը։

Էնդրյուսը նշել է, որ եթե Թուրքիան չփոխի իր քաղաքականությունն, ամերիկյան կողմը կաշխատի Անկարային F-35-երի ծրագրից հեռացնելու ուղղությամբ։

ԱՄՆ մեկ այլ պաշտոնյա, ում անունը չի նշվում, գործակալությանը հայտնել է, որ Լյուկ ավիաբազայի հրամանատարը, ելնելով անտանգության նկատառումներից, որոշել է դադարեցնել օդաչուների և տեխսպասարկման անձնակազմի մարզումները։

Այնուամենայնիվ, աղբյուրը նշել է, որ տեխսպասարկման անձնակազմի մի մասը շարունակում է դասընթացները, որոնք ընթանում էին Ֆլորիդայում տեղակայված Էգլին ավիաբազայում։

ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում լարվածությունն սկսել է 2017թ. դեկտեմբերին ռուսաստանյան Ս-400 ՀՕՊ համակարգերի գործարքի պատճառով։ Այս համակարգերի Թուրքիա մատակարարումը նախատեսվում է հուլիսին։ Ըստ թուրքական աղբյուրների՝ մատակարարվելու է 36 արձակման կայան և 192 հրթիռ։ Այս գործարքով Թուրքիան ու Ռուսաստանը ունենալու են Ս–400-ների որոշ մասերի համատեղ արտադրություն։ 

ԱՄՆ-ն այս գործարքի համար հետաձգում է [1] Թուրքիային 5-րդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումը՝ պնդելով, որ ռուսական համակարգն ու ամերիկյան կործանիչը չեն կարող միաժամանակ նույն երկրում լինել, քանի որ ռուսական համակարգերը կարող են հասկանալ տեխնիկական որոշ տվյալներ, որոնք թույլ կտան որսալ ամերիկյան կործանիչը։ 100 միավոր F-35-եր Թուրքիային պետք է մատակարարվեր այս տարվանից սկսած, սակայն փետրվարին ԱՄՆ–ն մատակարարումը հետաձգեց մինչև նոյեմբերի 1–ը։

Ամերիկյան կողմը մի քանի անգամ սպառնացել է Թուրքիային, թե վերջինս ռուսական համակարգերը գնելու համար կարող է դուրս մնալ F-35-երի ծրագրից, կարող է վտանգվել վերջինիս դաշնակցությունը ՆԱՏՕ-ին և Անկարան կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ։

Մայիսի 30-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել են Ս-400-ների հարցը քննարկել հունիսի 28-29-ին Ճապոնիայում՝ G20 գագաթաժողովի շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *