Էրդողանն ու Թրամփը Ս–400-ների հարցը կքննարկեն Ճապոնիայում

Մայիսի 29-ի երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել ռուսական Ս–400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերի գնման գործարքի շուրջ ստեղծված հակասությունները։

Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայի նախագահականի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Ալթունը գրում է, որ Թուրքիայի նախագահը կրկին առաջարկել է Ս–400-ների խնդրով զբաղվող տեխնիկական հանձնաժողով ստեղծել։ Զրույցի ավարտին կողմերը համաձայնել են հանդիպել Ճապոնիայում հունիսի 28–29-ը կայանալիք G20 գագաթաժողովի շրջանակներում։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 29-ին, Reuters միջազգային գործակալությունը, հղում անելով իր անանուն աղբյուրներին, գրում էր, որ ամերիկյան կողմը մտադիր է դադարեցնել թուրք օդաչուների Արիզոնա նահանգի Լյուկ ավիաբազայում ընթացող վարժանքները F-35 կործանիչների համար։ Հայտնի չէ՝ արդյոք վարժանքների դադարեցման դեպքում օդաչուները պետք է հետ վերադառնան, թե շարունակելու են մնալ ԱՄՆ-ում մինչև հստակ որոշում կկայացվի։

Բացի այդ՝ մայիսի 27-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Ս–400-ները, հնարավոր է, Թուրքիա մատակարարվեն նախատեսված ժամկետից՝ հունիսից ուշ, սակայն մոտակա ամիսներին, սակայն երեկ ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը հայտնել է, որ Թուրքիային համակարգերի մատակարարման ժամկետներում որևէ փոփոխություն չի եղել։

Հավելենք նաև, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում լարվածությունն սկսել է 2017թ. դեկտեմբերին ռուսաստանյան Ս-400 ՀՕՊ համակարգերի գործարքի պատճառով։ Այս համակարգերի Թուրքիա մատակարարումը նախատեսվում է հուլիսին։ Ըստ թուրքական աղբյուրների՝ մատակարարվելու է 36 արձակման կայան և 192 հրթիռ։ Այս գործարքով Թուրքիան ու Ռուսաստանը ունենալու են Ս–400-ների որոշ մասերի համատեղ արտադրություն։ 

ԱՄՆ-ն այս գործարքի համար հետաձգում է [1] Թուրքիային 5-րդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումը՝ պնդելով, որ ռուսական համակարգն ու ամերիկյան կործանիչը չեն կարող միաժամանակ նույն երկրում լինել, քանի որ ռուսական համակարգերը կարող են հասկանալ տեխնիկական որոշ տվյալներ, որոնք թույլ կտան որսալ ամերիկյան կործանիչը։ 100 միավոր F-35-եր Թուրքիային պետք է մատակարարվեր այս տարվանից սկսած, սակայն փետրվարին ԱՄՆ–ն մատակարարումը հետաձգեց մինչև նոյեմբերի 1–ը։

Ամերիկյան կողմը մի քանի անգամ սպառնացել է Թուրքիային, թե վերջինս ռուսական համակարգերը գնելու համար կարող է դուրս մնալ F-35-երի ծրագրից, կարող է վտանգվել վերջինիս դաշնակցությունը ՆԱՏՕ-ին և Անկարան կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *