Հնդկաստանի ՀՕՊ–ը խոցել է սեփական ուղղաթիռը

Հնդկաստանում ընթացող հետաքննության արդյունքները ցույց են տվել՝ փետրվարի 27–ին վթարված Մի-17Վ-5 ուղղաթիռը խոցվել է իսրայելական Spyder զենիթահրթիռային համակարգից, որից կա նաև հնդկական սպառազինությունում։ Այժմ հետաքննություն է ընթանում Հնդկաստանի ՌՕՈւ Սրինագարի ավիաբազայի հրամանատարի և ևս երեք սպայի նկատմամբ։

Այս մասին գրում է ռուսական bmpd բլոգը, նշելով, որ փետրվարի 27-ի առավոտյան Քաշմիրում ուղղաթռի պայթյունը համընկել էր Պակիստանից հնդկական երկու կործանիչների խոցման հետ։ Սրինագարից թռած ուղղաթիռը վթարի էր ենթարկվել ավիաբազա վերադառնալուց 10 րոպե հետո։ Անձնակազմի 6 անդամը մահացել էին։

Ըստ հետաքննական նյութերի՝ վթարված ուղղաթիռը քաղաքացիական օդուժի երթևեկությունը չխաթարելու, ինչպես նաև՝ Պակիստանի ռադիոհետախուզության կողմից չհայտնաբերվելու համար, թռել է առանց ռադիոտեղորոշիչ հաղորդիչը միացնելու։ Ուղղաթիռը ռադիոկապ է հաստատել Սրինագարի ավիաբազայի ավիացիոն երթակարգավարի հետ։

Այդ ժամանակ Հնդկաստանի ՀՕՊ ուժերի Spyder համակարգի հաշվարկը սխալմամբ իդենտիֆիկացրել է ուղղաթիռը որպես Պակիստանի ԱԹՍ ու ավիաբազայի ՀՕՊ հրամանատարի հրամանով, առանց իրավիճակը մանրամասն հասկանալու, կրակ է բացել այդ օբյեկտի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Պակիստանի զինված ուժերը խոցել էին իրենց օդային տարածք մտած Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ: Ինքնաթիռներից մեկն ընկել էր Քաշմիրի Պակիստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում, իսկ մյուսը՝ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում: 

Հավելենք, որ երկու երկրների միջև հարաբերություններն էլ ավելի սրվեցին, երբ փետրվարի 14-ին ահաբեկչություն եղավ Քաշմիրի Հնդկաստանի վերահսկողության հատվածում, զոհվեցին տասնյակ մարդիկ: Հնդկական կողմը պատասխանատվությունը դրեց Պակիստանում տեղակայված «Ջաիշե Մոհամմեդ» իսլամական խմբավորման վրա և փետրվարի 26-ին ավիահարվածներ հասցրեց Պակիստանի տարածքում:  

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *