Ֆրանսիան առաջարկել է Թուրքիայում տեղակայել իր SAMP-T ՀՕՊ համակարգը

Մայիսի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան առաջարկել է SAMP-T ՀՕՊ համակարգերի մեկ մարտկոց տեղակայել Թուրքիայի տարածքում` այդ երկրի օդային տարածքների պաշտպանության համար։

Աքարի հայտարարությունը փոխանցում է թուրքական իշխանամետ «Հյուրիեթ» լրատվական գործակալությունը։ Աքարը նշել է, որ ֆրանսիացի իր գործընկերոջ հետ հանդիպել է ՆԱՏՕ գագաթաժողովի ընթացքում նախագահներ Էրդողանի և Մակրոնի հանդիպումից հետո։

« … Նրանք [ֆրանսիացիները — Ռազմինֆո խմբ.] ուսումնասիրություններ են անելու։ Այս պահին «Ինջիրլիք»–ում տեղակայված է իսպանացիների մեկ մարտկոց Patriot համակարգ, իսկ Քահրամանմարաշում [Մարաշ — Ռազմինֆո խմբ.] իտալացիների մեկ մարտկոց SAMP-T համակարգեր։ Նրանք առաջարկել են այս երկու վայրերում ուսումնասիրություններ անել։ Մենք աշխատում ենք նրանց առաջարկի շուրջ … »,– հայտարարել է Հուլուսի Աքարը։

Նշենք, որ Թուրքիան ևս փորձում է համագործակցել ֆրանսա–իտալական Eurosam ընկերության հետ և արտադրել SAMP-T ՀՕՊ համակարգեր։ Այս հարցի շուրջ էլ այսօր Աքարը հայտարարել է, որ դեռ հանդիպումներ ու քննարկումներ են ընթանում ու դրանք ձգվելու են մինչև հոկտեմբեր։ Եթե հետո համաձայնության գան, ապա արդեն կսկսեն պայմանավորվել արտադրության հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին էլ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, թուրքական գործակալության հետ խոսելով Ս-400 ռուսական ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված կոնֆլիկտի մասին, հայտարարել էր, որ չնայած ռազմական գնումներ կատարելու որոշումները երկրներն իրենք են կայացնում, այնուամենայնիվ պետք է չմոռանալ, որ ՆԱՏՕ դաշնակիցներ Իսպանիայի ու Իտալիայի «Patriot» և «SAMP-T» համակարգերն օգնում են պաշտպանել Թուրքիային Սիրիայի սահմանից եկող հրթիռներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *