Թուրք մասնագետները Ռուսաստանում են. Թուրքիայի ՊՆ

Մայիսի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ թուրք մասնագետներն արդեն մեկնել են Ռուսաստան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերի վերապատրաստումների համար և առաջիկա մի քանի ամիսն այնտեղ կմնան։

Աքարի խոսքերը փոխանցում է Թուրքիայի իշխանամետ «Հյուրիեթ» լրատվական գոծակալությունը։

Նշենք, որ հայտարարված էր, որ թուրք մասնագետները Ռուսաստանից առաջ պետք է մեկնեին Ադրբեջան՝ Ս–300-ների վրա դասընթացներ անցնելու համար։ Ապրիլի 22-ին թուրք փորձագետ Թուրաղ Օղուզը գրում էր, որ մասնագետներն արդեն վերադարձել են Ադրբեջանից։

Հուլուսի Աքարն անդրադարձել է F-35 կործանիչների գնմանն ու նշել, որ նոյեմբերին Թուրքիա կմատակարարվի երկու միավոր կործանիչ, որոնք, ինչպես նախկինում նշվել էր, կտեղակայվեն Մալաթիայի ավիաբազայում։ Ըստ պաշտպանության նախարարի՝այդ ուղղությամբ աշխատանքներն ավիաբազայում այժմ շարունակվում են։

«Մենք ստացել ենք 4 ինքնաթիռ, մեր 4 օդաչուն ԱՄՆ–ում են։ Եվս 47 ենթասպա այնտեղ մշտադիտարկման ծառայություն են իրականացնում»,– հայտարարել է Աքարը։

Թուրքիայի ՊՆ–ն հայտարարել է նաև, որ ամերիկյան կողմը մարտի 28-29–ին գնի, տեխնոլոգիաների փոխանակման, համատեղ արտադրության վերաբերյալ նոր պայմաններով առաջարկ է արել Patriot ՀՕՊ համակարգերի շուրջ։

Իսկ մատակարարման ժամկետը երկարաձգելու ԱՄՆ դիմումի վերաբերյալ Աքարը նշել է, որ այս գործընթացում նման դեպքեր կարող են կարող են լինել։ Ըստ նրա՝ Թուրքիան միևնույնն է պատասխանել է, որ Ս-400-ների գործարքն արդեն վերջացած է և փոփոխման չի ենթարկվելու։

Հիշեցնենք, որ ամերիկյան CNBC հեռուստաընկերությունը այսօր հայտարարել է, որ ԱՄՆ–ն Ս-400–ներից հրաժարվելու համար Թուրքիային երկու շաբաթ ժամանակ է տվել, սպառնալով, որ փոխարենը Թուրքիան կենթարկվի պատժամիջոցների ու դուրս կգա F-35–երի ծրագրից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *