Երեկ՝ ապրիլի 5-ին, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ 3 միավոր ամերիկյան F-35 կործանիչ մատակարարվել է Թուրքիային, ևս մեկը, ըստ նախարարի, պետք է մատակարարվեր երեկ։
«Մենք ամերիկյան կողմի հետ F–35-երի ծրագիր ունենք։ Այս համագործակցության շրջանակներում, որին մասնակցում է ութ երկիր, շարունակվում են աշխատանքները F–35-երի արտադրման շուրջ, մենք էլ դրա գործընկերներից ենք։ Մինչև այսօր մեծ թվով գումարներ ենք ծախսել, կատարել ենք մեր բոլոր պարտականությունները, և ըստ այդմ՝ մեր պայմանավորվածության շրջանակներում մինչև այսօր մեզ մատակարարվել է 3 ինքնաթիռ, չորրորդն էլ այսօր կմատակարարվի»,– հայտարարել է Աքարը։
Աքարը հայտարարել է, որ թուրք օդաչուները շարունակում են մարզվել ԱՄՆ-ում։ Պաշտպանության նախարարը հավելել է, որ թուրքական կողմը շարունակում է բանակցությունները նաև ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի գործարքի շուրջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի համար նախատեսված F-35 կործանիչները շարունակում են մնալ ԱՄՆ-ում, որտեղ թուրք օդաչուները մարզվում են։ Դրանք տեղակայված են ԱՄՆ Արիզոնա նահանգի Լյուկ ավիաբազայում։ Ըստ թուրք նախարարի՝ թուրքերը ստացել են արդեն 4 կործանիչ։
Սակայն, վերջին տարում Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև ծագած կոնֆլիկտի հետևանքով ամերիկյան կործանիչների Թուրքիա հասնելը շարունակում է մնալ հարցականի տակ։ Պատճառը թուրքերի Ռուսաստանից գնած Ս-400 ՀՕՊ համակարգերն են, որոնք պիտի Թուրքիա մատակարարվեն այս տարի։ Այս գործարքը նախատեսում է Ս–400-ների 4 դիվիզիոնի գնում։
2017թ․ Ռուսաստանի հետ կնքած պայմանագրից հետո ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն դեմ արտահայտվեցին, պնդելով, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, չի կարող գնել ռուսական համակարգերը, քանի որ դրանք չեն համապատասխանում ՆԱՏՕ ստանդարտներին։ Դրա փոխարեն Թուրքիային առաջարկվեց ամերիկյան Patriot համակարգերը, որոնց գնման համար Թուրքիան պահանջում է իրեն հարմար պայմաններ։
Ապրիլի 1-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ կասեցնում է F-35-երի համար նախատեսված սարքավորումների մատակարարումը Թուրքիային։ Այնուհետև լուրեր տարածվեցին, որ դադարեցվել են նաև թուրք օդաչուների մարզումներ, սակայն Պենտագոնը հերքեց այս լուրը։
Մինչ այդ՝ Փետրվարի 21–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր որոշում մինչև նոյեմբերի 1–ը F-35 կործանիչների Թուրքիա մատակարարումն արգելափակելու մասին։ Արդեն մարտի վերջին ամերիկացի մի քանի սենատոր նախագիծ առաջարկեցին Թուրքիային կործանիչների մատակարարումը այնքան ժամանակ արգելափակելու մասին, մինչև Թուրքիան կհրաժարվի Ս-400-ներից։
Չնայած ամերիկյան սպառնալիքներին, Թուրքիան շարունակում է պնդել, որ չի հրաժարվելու ռուսական համակարգերից, քանի որ ունի դրանց կարիքը։