Մարտի 2-ին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ «Տեղական կործանիչ ինքնաթիռ» (Milli Muharip Uçağı ” MMU) ծրագրի շրջանակում կառուցվող TF-X առաջին կործանիչը կցուցադրվի 2023-ին, առաջին թռիչքը կանի 2026-ին, իսկ սպառազինություն կմտնի արդեն 2031թ․։
Այս ինքնաթիռի կառուցման մասին Թուրքիան առաջին անգամ հայտարարել է 2011 թվականին։ Կործանիչի ստեղծման ուղղությամբ համատեղ կաշխատեն BAE-ն ու թուրքական ավիաշինական ընկերությունը (TAI). 2013-ին Թուրքիան կործանիչի ստեղծման համար համաձայնագիր էր կնքել շվեդական «Սաաբ» (Saab) ընկերության հետ: Այս գործարքը չստացվեց, ինչից հետո թուրքական կողմը համագործակցության գնաց բրիտանական BAE ընկերության հետ:
Կործանիչի շարժիչի արտադրության համար մրցում են երկու ընկերություն՝
թուրքական Kale և բրիտանական Rolls-Royce ընկերությունների 2017թ․ համատեղ հիմնադրած ընկերությունը և TAI ընկերության շարժիչաշինական ընկերությունը (TEI)։
TF-X կործանիչի մարտավարատեխնիկական բնութագիրը, ըստ TAI ընկերության պաշտոնական կայքի՝
- Առավելագույն բարձրությունը՝ ~16,8 կմ
- Առավելագույն արագությունը՝ 2 մախ (~2470 կմ/ժ)
- Գործողության շառավիղը՝ ~1000 կմ
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ ~27200 կգ
- Երկարությունը՝ 19 մ
- Թևերի բացվածքը՝ 12 մ