Հրամանատարաշտաբային զորավարժությանը Նախիջևանի առանձին համազորային բանակից բացի ներգրավվել են Պետական սահմանապահ ծառայության, ներքին զորքերի, ԱԻՆ և պետանվտանգության ծառայության ստորաբաժանումներ:
Վարժանքների անցկացման մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Նշվում է, որ զորավարժությունը անցկացվել է «Պետական սահմանի խախտման դեպքերի կանխարգելմանն ուղղված Նախիջևանի կայազորի ուժերի համատեղ գործողություններ» խորագրով: Յուրաքանչյուր գերատեսչության ստորաբաժանում կատարել է խնդիրներ՝ ըստ իրենց ոլորտի:

Գործնական փուլում վարժանքներին տարբեր ստորաբաժանումներից ներգրավվել են զրահամեքենաներ, Orbiter 3 ԱԹՍ, Պետական սահմանապահ ծառայության Մի-8 ուղղաթիռ: Նախիջևանի առանձին համազորային բանակի գլխավոր շտաբում բարձրագույն ղեկավարության հետ միասին զորավարժություններին հետևել է նաև Նախիջևանում Թուրքիայի ռազմական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Նախիջևանում զորավարժությունները մեկնարկել էին փետրվարի 18-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ դրանք տևելու են մինչև փետրվարի 23-ը:
Նշենք, որ նման ֆորմատի վարժանքներ Նախիջևանում անցկացվել էին նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն միայն հատուկջոկատայինների ներգրավմամբ: Այն ժամանակ մասնակցում էին բանակի, սահմանապահ դիվիզիայի, ներքին զորքերի բրիգադի, պետանվտանգության ծառայության և ԱԻՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները: