Նախիջևանում անկացվել է բանակի և ուժային այլ կառույցների հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ խոշոր զորավարժություն: Վարժանքներին ներգրավվել են ՀՕՊ և ավիացիոն միջոցներ, հրետանի: Վարժանքներին հետևել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Վարժանքների մասին հայտնում է Նախիջևանի պետական լրատվական գործակալությունը:
Ներգրավվել են Առանձին համազորային բանակի, Նախիջևանի սահմանապահ դիվիզիայի, ներքին զորքերի բրիգադի, պետանվտանգության ծառայության և ԱԻՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները: Ըստ ադրբեջանական կողմի՝ մասնակցել է ընդհանուր հազարից ավելի մարդ, ինչը զգալի թիվ է հատուկջոկատայինների համար:
Բացի նշյալից, ներգրավվել են նաև 80-ից ավելի զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկա, 20-ից ավելի ՀՕՊ միջոց, շուրջ 40 միավոր հրետանի, 10-ից ավելի ավիացիոն միջոցներ, այդ թվում՝ ՍՈւ-25 գրահոչներ, Մի-35 հարվածային ուղղաթիռներ և ԱԹՍ-ներ:
Զորավարժությունը ընթացել է պաշտպանողական սցենարով: Ըստ դրա.
• Բանակի հատուկջոկատայինները այլ ստորաբաժանումների հետ համատեղ տալիս են հակահարված և կազմակերպում լեռնանցքների պաշտպանությունը, խոցում կարևոր օբյեկտները և հակառակորդից խլում զինտեխնիկա:
• Պետանվտանգության ծառայության հատուկջոկատայինները հայտնաբերում են հակառոկորդի դիվերսիոն խմբերը, լիկվիդացնում և կանխում հնարավոր սաբոտաժը:
• Պետական սահմանապահ ծառայության հատուկջոկատայինները ոչնչացնում են հակառակորդի շարասյունը, իսկ սահմանապահները կազմակերպում են սահմանի անվտանգությունը (Թուրքիա, Իրան):
• Ներքին զորքերի հատուկջոկատայինները կանխում են սեփական ՀՕՊ միջոցների դեմ հակառակորդի հարձակումը՝ ոչնչացնելով ուղղաթիռից իջեցված դեսանտը:
• ԱԻՆ հատուկ նշանակության ուժերը կազմակերպում են չպայթած զինամթերքի լիկվիդացում, դժվարհասանելի տեղանքում սեփական ստորաբաժանումներին զենք-զինամթերքի սնուցում և վիրավորների տարհանում:
Հատկանշական է, որ զորավարժություններից առաջ՝ հոկտեմբերի 29-ին, Նախիջևանում բանակում կայացել էր հատուկջոկատայիննյերի համար հետախուզական և լեռնային պատրաստության պաևապմունքների ավարտական արարողություն, որին մասնակցում էին նաև Թուրքիայից եկած զինվորականներ:
Նշեմք, որ զուգահեռ զորավարժություն է եղել նաև Ադրբեջանի ԶՈւ 1-ին բանակային կորպուսում: Ի տարբերություն Նախիջևանի՝ այնտեղ դրանք ընթացել են հարձակողական սցենարով: