Հոկտեմբերի 17-20–ը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը աշխատանքային այցով մեկնելու է Չեխիա, որտեղ հանդիպելու է Չեխիայի պաշտպանության նախարար Լուբոմիր Մենթարի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է երկու երկրների միջև ռազմական համագործակցության նախադրյալները։
Հիշեցնենք, որ 2017թ․ վարժանքներից հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ձեռք է բերել չեխական արտադրության 152մմ «Դանա» ինքնագնաց հաուբիցներ և 122մմ RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ
2018թ․ ապրիլին Չեխիայի հանրային Ceska Televize հեռուստաընկերությունը լրագրողական հետաքննություն էր կատարել, որտեղ անանուն աղբյուրը, պատմել էր, որ հին հաուբիցները Չեխիայից տեղափոխվում են Սլովակիայի Տրենչին քաղաքում գտնվող գործարան և վերանորոգումից հետո ուղարկվում են Իսրայել, ապա անմիջապես Ադրբեջան:
Չեխիա–Սլովակիա–Իսրայել–Ադրբեջան երթուղով «Դանաների» մատակարարումը Ադրբեջան հաստատվեց նաև արբանյակային լուսանկարների, ինքնաթիռների չվերթների և ՄԱԿ–ի 2017թ․ ցեկույցների ուսումնասիրությունից։