Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը հաստատում է Ադրբեջանին «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարումների մասին չեխ լրագրողների կատարած ուսումնասիրությունները:
Այս տարվա ապրիլին Չեխիայի հանրային Ceska Televize հեռուստաընկերությունը լրագրողական հետաքննություն էր կատարել, որտեղ անանուն աղբյուրը, պատմել էր, որ հին հաուբիցները Չեխիայից տեղափոխվում են Սլովակիայի Տրենչին քաղաքում գտնվող գործարան և վերանորոգումից հետո ուղարկվում են Իսրայել, ապա անմիջապես Ադրբեջան:
Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը հաստատում է տվյալ գործարանում տարբեր ժամանակներում «Դանաների» առկայությունը:
Գործարանի տարածքից առաջին նկարը, որտեղ երևում են «Դանաները», արվել է 2016-ի հուլիսի 10-ին: Տարածքում երևում է կայանված 35 միավոր ինքնագնաց հրետանի: Առաջին մատակարարումները մեծ հավանականությամբ հենց 2016-ի երկրորդ կեսից են սկսել, քանի որ 2017-ի հունվարին դրանք արդեն եղել են Ադրբեջանում, իսկ առաջին անգամ ամբողջովին ցուցադրվել են 2017-ի սեպտեմբերի 18-ին:
Հարկ է նշել, որ ավելի վաղ արված լուսանկարներում «Դանային» նմանվող տեխնիկա նույն տարածքում չի նկատվել: Հնարավոր է, որ նկարում երևացող տեխնիկան կամ դրա մի մասը արդեն մատակարարվել է Ադրբեջանին:
Երկրորդ նկարը արվել է 2018-ի մարտի 22-ին: Այս նկարում երևում է կայանված առնվազն 3* միավոր «Դանա»: Հատկանշական է, որ հենց այդ օրերին կատարվում էին Սլովակիա-Իսրայել-Ադրբեջան ուղղությամբ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների ակտիվ չվերթներ, որոնք, ըստ երևույթի, զենք էին տեղափոխվում:
*Կա նման ևս 2 մեքենա, սակայն վստահ չենք կարող պնդել, որ հենց «Դանա» են:
Նշենք որ այս օրերին ևս շարունակվում են նույն ուղղությամբ բեռնատար ինքնաթիռների չվերթները, զենքի մատակարարումները ընթանում են:
Ադրբեջանին Dana ինքնագնաց հաուբիցների և RM-70 ՀԿՌՀ-ների մատակարարման սխեմաներին և քանակի մասին Razm.info-ի անդրադարձերին կարող եք ծանոթանալ այս հղումներով (1, 2)