Սեպտեմբերի 26-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը՝ խոսելով ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի ազատազրկման, Իդլիբում ստեղծվելիք ապառազմականացված գոտու և ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասին։
«Ամերիկացի քահանայի դատավաճիռը կկայացնի Թուրքիայի անկախ դատարանը․․․»
Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիայի դատական համակարգը անկախ է և որևէ քաղաքական գործիչ չպետք է միջամտի դատարանի որոշումներին»։
«Սա դատական գործ է… Բրանսոնը մեղադրվում է ահաբեկչական համայնքների հետ կապի համար։ Հոկտեմբերի 12֊ին նոր դատ կլինի և մենք չգիտենք, թե դատարանը ինչ կորոշի, իսկ քաղաքական գործիչները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ դատավճռի վրա։․․․ Որպես նախագահ ես իրավասու չեմ նրան ազատել։ Մեր դատական համակարգը անկախ է։ Եկեք սպասենք ու տեսնենք թե դատավորը ինչ կորոշի»,- նշել է Էրդողանը։
Reuters-ը հայտնում է՝ եթե Բրանսոնը հոկտեմբերի 12-ին մեղավոր ճանաչվի, ապա կարող է դատապարտվել 35 տարվա ազատազրկման։
Ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնը ձերբակալվել է Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Գյուլենականների (FETÖ) հետ կապի համար։ Նրա խափանման միջոցը այս տարվա հուլիսին փոխվեց տնային կալանքի, իսկ մինչ այդ նա 1,9 տարի կալանավորված էր։
ԱՄՆ-ն առարկեց քահանային տնային կալանք տալու որոշումը, կարծելով, որ վերջինս անմեղ է և պետք է ազատ արձակվի։ Շուտով ԱՄՆ նախագահ Թրամփը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի ներքին գործերի և արդարդատության նախարարների նկատմամբ, հայտարարելով, որ նրանք են զբաղվում քահանայի կալանավորման գործով։
Պատժամիջոցներ սահմանվեցին նաև տնտեսական ոլորտում․ ավելացվեցին Թուրքիային մատակարարվող ալյումինի և պողպատի մաքսատուրքերը։ Հայտարարվեց, որ պատժամիջոցները դուրս կգան միայն քահանային ազատելու դեպքում։
Տնտեսական պատժամիջոցներին զուգընթաց մեծ աղմուկ բարձրացրեց թուրքական լիրայի արժեզրկումը և դրա հասցրած հավանական վնասները Թուրքիայի տնտեսությանը։
Այս թեմային անդրադառնալով էլ Էրդողանը նշեց, որ երկրի տնտեսությունը վնաս չի կրել․
«Բրանսոնի միջադեպը իրականում չի ազդել Թուրքիայի տնտեսության վրա։ Առկա տնտեսական մարտահրավերները ավելի քան չափազանցված են և Թուրքիան դրանք կհաղթահարի իր սեփական ռեսուրսներով»,- ասել է Էրդողանը
«Թուրքիան շարունակելու է իրանի հետ բիզնես կապը՝ չնայած ամն պատժամիջոցների․․․»
ԱՄՆ-ն օգոստոսի 6-ին վերականգնեց Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները, որի 2-րդ մասը նախատեսվում է նոյեմբերի 4-ին՝ ԱՄՆ միջուկային ծրագրից դուրս գալու 180-րդ օրը։
Պատժամիջոցներից հետո ԱՄՆ նախագահ Թրամփը պատժամիջոցներով սպառնաց բոլոր այն երկրներին, որոնք կհամագործակցեին Իրանի հետ։
Reuters-ի հետ հարցազրույցում Էրդողանը նշել է, որ չնայած պատժամիջոցներին, միևնույնն է Թուրքիան շարունակելու է Իրանի հետ երկարաժամկետ պայմանագրի շրջանակներում գազ գնել Իրանից․
«Մենք պետք է լինենք իրատես…. ես պետք է թողնե՞մ, որ իմ ժողովուրդը ձմռանը սառի։ Ոչ ոք չպետք է վիրավորվի։ Ինչպե՞ս ես պետք է տաքացնեմ իմ երկրի բնակչությանը եթե մենք Իրանից գազ չգնենք»։
«ընդդիմադիր խմբավորումները արդեն դուրս են գալիս Իդլիբից․․․»
Սեպտեմբերի 17-ին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Էրդողանն ու Պուտինը պայմանագիր էին կնքել սիրիական Իդլիբ նահանգում մինչև հոկտեմբերի 15-ը ապառազմականացված գոտի ստեղծելու մասին, որտեղ երկու երկրների զինված ուժերը պետք է իրականացնեն պարեկային ծառայություններ։
Պայմանագրի կետերը 4-ն էին, որոնցից մեկը ենթադրում էր մինչև հոկտեմբերի 10-ը նշված տարածքից ընդդիմադիր խմբավորումների սպառազինության դուրսբերումը։
Իր հարցազրույցում Էրդողանը նշել է, որ այդ խմբավորումները արդեն սկսել են դուրս գալ այնտեղից․
«Սիրիայի այս մասը կմաքրվի զինտեխնիկայից, ինչն էլ հենց Իդլիբի բնակչության ցանկությունն է… ովքեր ընդունեցին այս քայլը»,- նշել է Էրդողանը։