Զաքիր Հասանովը հանդիպել է չինական ռազմարդյունաբերական խոշոր ընկերության ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 26-ին Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է չինական Poly Technologies ընկերության պատվիրակության հետ։ Այն Չինաստանի խոշորագույն ռազմարդյունաբերական ձեռնարկություններից է։

Պատվիրակությունը գլխավորել է ընկերության փոխտնօրենը։ Հանդիպումը կայացել է այս օրերին Բաքվում ընթացող ADEX-2018 ռազմարդյունաբերական արտադրանքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաև երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցեր։

Հատկանշական է, որ Poly Technologies ընկերությունը զբաղվում է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռների միջազգային մարքեթինգով, իսկ հրթիռները արտադրում է չինական մեկ այլ՝  China Academy of Launch Vehicle Technology (CALT) ընկերությունը:

«Պոլոնեզի» համար նախատեսված է 2 տիպի հրթիռ՝ A200-ը մինչ 200 կմ հեռահարության (այդպես է ներկայացնում արտադրողը) և 280 կմ հեռահարության M20 բալիստիկ հրթիռը։ Ադրբեջանում նկատվել է միայն A200-ով տարբերակը։

Նշենք, որ այս տարվա ապրիլի վերջին Չինաստան այցի ընթացքում Հասանովը նույնպես հանդիպել էր Poly Technologies ընկերության ներկայացուցիչներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *