Մայիսի 29-31-ին Կարսում անցկացվել են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ վարժանքներ։ Զորավարժությանը Ադրբեջանի կողմից ներգրավվել է Նախիջևանի առանձին համազորային բանակի մեկ մոտոհրաձգային վաշտ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։
Դատելով Թուրքիայի զինված ուժերի հրապարակած տեսանյութից՝ վարժանքներին ներգրավվել են․
- CN-235 բեռնատար (ռազմատրանսպորտային) ինքնաթիռ (Թուրքիայի ԶՈւ);
- UH-60 Black Hawk բազմանպատակային ուղղաթիռ (Թուրքիայի ԶՈւ);
- CH-47 Chinook բեռնատար ուղղաթիռ (Թուրքիայի ԶՈւ);
- AH-1 Cobra հարվածային ուղղաթիռներ (Թուրքիայի ԶՈւ)
- M-60 տանկեր (Թուրքիայի ԶՈւ);
- ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ (Ադրբեջանի ԶՈւ);
- Հակատանկային համալիրներ, նռնականետներ, ականանետներ, հրազեն։
Զորավարժության մասին հայտնել էինք դեռևս մայիսին։ Արդեն մայիսի 13-ին զորավարժությանը ներգրավվելու նպատակով Կարս էր ուղարկվել Նախիջևանի առանձին համազորային բանակի մոտոհրաձգային ստորաբաժանում։ Ստորաբաժանման կազմում Թուրքիա էին ուղարկվել ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, որոնք էլ ներգրավվել են վարժանքներին։
- Ադրբեջանի ԶՈւ ԲՄՊ-2 ՀՄՄ-ն՝ Կարսում անցկացված զորավարժությանը․ մայիս 2018թ․
- Կարսում Թուրքիայի և Ադրբեջանի (Նախիջևան) համատեղ զորավարժությունից․ մայիսի 2018թ․
Թուրքիան և Ադրբեջանը Կարսում պարբերաբար համատեղ վարժանքներ են անցկացնում։ Նախորդ նմանատիպ զորավարժությունն անցկացվել էր 2016 թ․ հունիսին։ Այդ ժամանակ ևս, դատելով առկա տեղեկություններից, Ադրբեջանի կողմից ներգրավվել էր Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանում/ներ։ 2017 թ. հունիսին էլ Նախիջևանում էր անցկացվել Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժություն:
Հավելենք, որ ապրիլի վերջին և մայիսի սկզբին Ադրբեջանի ԶՈւ-ն մասնակցում էր Թուրքիայում շուրջ մեկ ամիս անցկացվող «Էֆես-2018» միջազգային զորավարժությանը: