Մայիսի 13-ին Նախիջևանի առանձին համազորային բանակի մոտոհրաձգային ստորաբաժանումներն ուղարկվել են Կարս՝ Թուրքիայի զինուժի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու: Այս մասին հայտնել է Նախիջևանի պետական հեռուստաալիքը:
Հրապարակված տեսանյությում երևում է Ադրբեջանի ԶՈւ ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաների շարասյուն՝ Նախիջևանը և Թուրքիան իրար կապող կամուրջն անցնելիս:
Ավելի վաղ զորավարժությունների մասին հայտնել էր ադրբեջանական «Ազերի Դիֆենս» կայքը: Ըստ այդ կայքի տրամադրած տվյալների՝ զորավարժություններ անցկացվելու են մայիսի 29-31-ը՝ Կարսում: Նախիջևանի պետական հեռուստաալիքը ևս նույն ժամկետն է հայտնում:
Հաշվի առնելով, որ զինտեխնիկան զորավարժության հայտարարված օրվանից շատ ավելի վաղ է մեկնում, կարելի է ենթադրել, որ իրականում վարժանքները անկացվելու են ավելի վաղ և երկար, իսկ 29-31-ը կարող է լինել վարժանքների ցուցադրական-ավարտական հատվածը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կայքը, ինչպես նաև պետական այլ պատասխանատու մարմիններ առայժմ զորավարժության անցկացման մասին որևէ տեղեկություն չեն տրամադրել:
2018 թ. փետրվարին Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը միայն հայտնել էր, որ ապրիլից մինչև հունիսի 13-ն ընկած ժամանակահատվածում իրենք վարժանքներ են անցկացնելու Կարսի «Աքբաբա» զորավարժարանի տարածքում: