Ադրբեջանական «Ազերի Դիֆենս» կայքի տվյալներով՝ մայիսի 29-31-ին Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը Կարսում համատեղ մարտավարական զորավարժություն կանցկացնեն: Ադրբեջանից կներգրավվեն Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումներ: Ըստ ադրբեջանական կայքի պնդման՝ այդ մասին Թուրքիայում անցկացվող «Էֆես-2018» զորավարժության ընթացքում իրենց հայտնել է Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչներից մեկը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կայքը, ինչպես նաև պետական այլ պատասխանատու մարմիններ առայժմ զորավարժության անցկացման մասին որևէ տեղեկություն չեն տրամադրել:
2018 թ. փետրվարին Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը միայն հայտնել էր, որ ապրիլից մինչև հունիսի 13-ն ընկած ժամանակահատվածում իրենք վարժանքներ են անցկացնելու Կարսի «Աքբաբա» զորավարժարանի տարածքում: Հետևաբար, զորավարժության անցկացման հնարավորությունն այս պահին չենք կարող բացառել:
Հավելենք, որ Կարսում Ադրբեջանը և Թուրքիան Կարսում ձմեռային զորավարժություն են անցկացրել 2014 թ.: Հավելենք, որ 2017 թ. հունիսին Նախիջևանում կայացել էր Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժություն:
Հավելենք, որ Ադրբեջանի զինուժն արդեն իսկ մասնակցում է Թուրքիայում շուրջ մեկ ամիս անցկացվող «Էֆես-2018» միջազգային զորավարժությանը: Վարժանքներին ընդհանուր առմամաբ ներգրավվել է 7500 զինծառայող, որից 950-ը՝ Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Վրաստանից և ևս 21 երկրից: Զորավարժության ընթացքին հետևելու համար Թուրքիա էր մեկնել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: