Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր ԱՄՆ-ում կհանդիպի պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ հանդիպման ընթացքում կքննարկեն Սիրիայի Մանբիջ քաղաքից քրդական ուժերի դուրսբերման «ճանապարհային քարտեզը»: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ըստ թուրքական աղբյուրի տվյալների՝ Պոմպեո-Չավուշօղլու հանդիպումից հետո կհայտարարվի Մանբիջից քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դուրսբերման մասին:
Նախորդ շաբաթ թուրքական աղբյուրները հայտնում էին, որ կողմերն արդեն պայմանավորվածության են հասել: Սակայն ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հեզեր Նաուերտը հայտարարել էր, որ առայժմ նման պայմանավորվածություն չկա:
Նա նշել էր, որ մայիսի 25-ին Անկարայում հանդիպել են Սիրիայի հարցով ամերիկա-թուրքական աշխատանքային խմբի անդամները, քննարկել նաև Մանբիջի հարցը: Քննարկումները պետք է շարունակվեն հունիսի 4-ին՝ Պոմպեո-Չավուշօղլու հանդիպման շրջանակներում:
Հիշեցնենք, որ Մանբիջը վերահսկում են ԱՄՆ աջակցությամբ գործող արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF), որոնց մեջ մեծամասնությունը քրդերն են: Թուրքիան քրդական ուժերին համարում է «ահաբեկչական»: Մանբիջում տեղակայվել են նաև ԱՄՆ և Ֆրանսիայի զինված ուժերի զինծառայողներ: