Հունիսի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համաձայն նախապես մշակված պլանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը ավելի քան 1200 զինծառայողի ներգրավմամբ վարժանքներ են սկսել Թուրքիայի Կարս նահանգի տարածքում: Այս մասին նշվում է Ադրբեջանի ՊՆ կայքում:
Զորավարժությանը մասնակցում են Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևը և Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Իսմայիլ Սերդար Սավաշը:
Հաղորդագրության համաձայն՝ առաջին անգամ թուրք-ադրբեջանական համատեղ վարժանքներին իբրև դիտորդ ներգարվվել են նաև Վրաստանի ԶՈւ ներկայացուցիչներ:
Մարտական կրակով ուղեկցվող զորավարժության հայտարարված հիմնական նպատակը շտաբներում համատեղ գործողությունների մեխանիզմների մշակման փորձարկումը, համատեղ գործողությունների համակարգումն, ինչպես նաև փորձի փոխանակումն է:
Վարժանքների տևողության մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ից Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչները ներգրավված են Թուրքիայում անցկացվող «Էֆես-2016» ամենամյա միջազգային զորավարժությանը, որին ընդհանուր առմամբ մասնակցում է 9 երկիր: Ադրբեջանը ներկայացված է 30 զինծառայողով:
Հավելենք նաև, որ մայիսի 30-ին Թուրքիայում մեկնարկել է նաև ամենամյա «Անատոլիայի արծիվ-2016» (Anadolu Kartalı-2016) ՌՕՈւ միջազգային զորավարժությունը, որին ևս ներգրավված են Ադրբեջանի ԶՈւ ՌՕՈւ 3 օդաչու:
2015-ի մայիսին Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային ստորաբաժանումները համատեղ վարժանքներ էին անցկացրել Բաքվում և Նախիջևանում: