Սիրիայի Արևելյան Ղուտայից դուրս են բերվել շուրջ 3500 զինյալ և նրանց ընտանիքները

Մեկ օրվա ընթացքում Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին կից Արևելյան Ղուտա արվարձանից դուրս են բերվել տարբեր ահաբեկչական խմբավորումների շուրջ 3500 զինյալ և նրանց ընտանիքի անդամները: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Զինյալները և նրանց ընտանիքները 86 ավտոբուսներով տեղափոխվել են Հալեպ նահանգի հյուսիս: Նրանց տեղափոխումն իրականացվել է Սիրիայի կառավարական ուժերի և Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի սպաների ուղեկցությամբ:

Գործակալությունը հայտնում է, որ ապրիլի 1-ից սկսած մինչև ապրիլի 12-ը Արևելյան Ղուտայի Դումա քաղաքից ընդհանուր առմամբ դուրս են բերվել շուրջ 17 հազար զինյալ և նրանց ընտանիքների անդամները: Ապրիլի 12-ին Դումա քաղաքն ամբողջությամբ անցել է կառավարական բանակի վերահսկողության ներքո:

Արևելյան Ղուտայից էլ ընդհանուր առմամբ դուրս է բերվել շուրջ 170 հազար մարդ, այդ թվում նաև զինյալներ:

Հիշեցնենք, որ տարածվող մի շարք տեղեկությունների՝ ԱՄՆ-ն և Վաշինգտոնի դաշնակից մի քանի երկիր պատրաստվում են հրթիռակոծել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը՝ Բաշար ալ-Ասադին մեղադրելով ապրիլի 7-ին Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման համար: Մոսկվան նախազգուշացրել է, որ եթե հարվածներից տուժեն ռուս զինծառայողներ՝ իրենք դա անպատասխան չեն թողնի:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը Twitter-ի իր միկրոբլոգում  հրթիռներով սպառնացել է Սիրիային և Ռուսաստանին:

«Պատրաստվի՛ր, Ռուսաստան, քանի որ նրանք (հրթիռները) կգան՝ գեղեցիկ, նոր ու «խելացի»», – Թրամպ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Կիպրոսից Սիրիայի ջրային սահման հրթիռակիր նավ է ուղարկել: Ավելի ուշ տարածվել են տեղեկություններ, թե ամերիկյան զինուժը նաև ռազմական ինքնաթիռներ, այլ նավեր է կենտրոնացրել այդ հատվածում:

Արևելյան Ղուտայի մի մասը վերահսկում են տարբեր զինյալ խմբավորումներ: 2018 թ. փետրվարի սկզբից Սիրիայի կառավարությունն արվարձանն ազատագրելուն ուղղված լայնամաշտպաբ ռազմագործողություն է սկսել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *