Նախորդ շաբաթ տեղեկություն էր հայտնվել, թե Սիրիայի բանակը քիմիական զենք է կիրառել Դումայի բնակիչների դեմ: ԱՄՆ նախագահը խոստացել է 48 ժամում հայտարարել ԱՄՆ հակաքայլերի մասին: Ամերիկյան The Wall street Journal-ն էլ հայտնում է, թե ԱՄՆ-ն արդեն առնվազն մեկ հրթիռակիր նավ է ուղարկել Սիրիայի ջրային տարածքի սահման:
Ըստ ամերիկյան պարբերականի՝ Դոնալդ Թրամփը նշել է, որ առաջիկա օրվա ընթացքում որոշում կկայացնի՝ հարվածել Ասադի ուժերին, թե ոչ:
Washington times-ը հայտնում է, որ ԱՄՆ-ն Կիպրոսի բազայից Սիրիայի ջրային սահման է ուղարկել USS Donald Cook հրթիռակիր նավը: Այն կրում է Tomahawk թևավոր հրթիռներ:
Նույն տեսակի հրթիռներով, կրկին ռազմանավից, ԱՄՆ-ն Սիրիայի բանակի դիրքերին հարվածել էր ճիշտ մեկ տարի առաջ: 2017 թ. ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ԱՄն զինուժը 59 միավոր թևավոր հրթիռ էր արձակել Սիրիայի Շայրաթ» ավիաբազայի վրա: Դոնալդ Թրամփն այդ ժամանակ հայտարարել էր, որ իրենք հարվածել են ի պատասխան Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի կողմից բնակիչների դեմ քիմիական զենք օգտագործելուն։
Այս անգամ ևս, դատելով նշված տեղեկություններից, չի բացառվում նույն սցենարի կրկնությունը: Սակայն առայժմ ամերիկյան ռազմանավի տեղաշարժի վերաբերյալ տեղեկությունը չի հաստատվել:
Ռուսստանյան «ՌԻԱ Նովոստի»-ի տվյալներով՝ Ռուսաստանը և սիրիան հերքում են քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունները: Նշված Դուման այժմ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձան Արևյալ Ղուտայի վերջին հատվածն է, որտեղ զինյալներ կան: Շուրջ երկու ամիս է, ինչ Սիրիայի կառավարության հետ ձեռք բերած համաձայնությամբ զինյալները և նրանց ընտանիքները դուրս են բերվում այդ հատվածներից և տեղափոխվում Սիրիայի այլ շրջաններ: