Սիրիայի բանակը վերահսկողություն է հաստատել Արևելյան Ղուտայի Դումա քաղաքում

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին կից Արևելյան Ղուտայի շրջանի Դումա քաղաքն ամբողջությամբ անցել է կառավարական բանակի վերահսկողության ներքո: Այս մասին ապրիլի 12-ին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Յուրի Եվտուշենկոն: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նա նաև նշել է, որ առաջիկա օրերին շարունակվելու է Դումա քաղաքում գործող «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման մյուս խմբերի դուրս բերման աշխատանքները: Ապրիլի 12-ին քաղաքից դուրս է բերվել 1521 զինյալ և նրանց ընտանիքի անդամները:

Նույն օրը ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Դումայում արդեն սկսել են աշխատել Ռուսաստանի ԶՈւ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:

Հիշեցնենք, որ տարածվող մի շարք տեղեկությունների՝ ԱՄՆ-ն և Վաշինգտոնի դաշնակից մի քանի երկիր պատրաստվում են հրթիռակոծել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը՝ Բաշար ալ-Ասադին մեղադրելով ապրիլի 7-ին Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման համար: Մոսկվան նախազգուշացրել է, որ եթե հարվածներից տուժեն ռուս զինծառայողներ՝ իրենք դա անպատասխան չեն թողնի:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը Twitter-ի իր միկրոբլոգում  հրթիռներով սպառնացել է Սիրիային և Ռուսաստանին:

«Պատրաստվի՛ր, Ռուսաստան, քանի որ նրանք (հրթիռները) կգան՝ գեղեցիկ, նոր ու «խելացի»», – Թրամպ:

Ի պատասխան այս հայտարարությանը՝ Ռուսաստանի  ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այդ «խելացի» հրթիռները պետք է ուղղվեն ահաբեկիչներին, այլ ոչ թե Ասադի կառավարությանը:

Միևնույն ժամանակ Եվրոպայում թռիչքների անվտանգությունը վերահսկող միջպետական կազմակերպությունը (Eurocontrol) բոլոր ավիաընկերություններին զգուշացրել է թռիչքներ չիրականացնել Սիրիայի երկնքում՝ առաջիկա 72 ժամվա՝ 3 օրվա ընթացքում:

Այս ամենը ցույց է տալիս, որ մոտակա ժամերի կամ օրերի ընթացքում ԱՄՆ-ն և դաշնակից ուժերը իրապես պատրաստվում են հրթիռակործել Սիրիայի տարածքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Կիպրոսից Սիրիայի ջրային սահման հրթիռակիր նավ է ուղարկել: Ավելի ուշ տարածվել են տեղեկություններ, թե ամերիկյան զինուժը նաև ռազմական ինքնաթիռներ, այլ նավեր է կենտրոնացրել այդ հատվածում:

Արևելյան Ղուտա

Արևելյան Ղուտա

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *