Սիրիայում լարվածությունն աճում է. ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածի

ԱՄՆ-ն և Վաշինգտոնի դաշնակից մի քանի երկիր պատրաստվում են հրթիռակոծել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը՝ Ասադին մեղադրելով քիմիական զենքի կիրառման համար: Մոսկվան նախազգուշացնում է, որ եթե հարվածներից տուժեն ռուս զինծառայողներ՝ իրենք դա անպատասխան չեն թողնի:

Բրիտանական The Guardian-ի տվյալներով՝ Ասադի ուժերի հրթիռակոծության հարցը քննարկել են ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ղեկավարները: Ֆրանսիայի նախագահը ապրիլի 10-ին հայտնել է, որ «մոտ օրերս» կորոշեն այդ հարցը:

BBC-ն իր հերթին հայտնում է, թե ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը զգուշացրել է ամերիկյան կողմին՝ խուսափել հարվածներից: Իսկ Ֆրանսիայի նախագահը նշել է, թե հարվածելու դեպքում թիրախում կլինեն Ասադի քիմիական օբյեկտները:

Արևմուտքը պնդում է, թե Ասադի ուժերը ապրիլի 7-ին Դամասկոսից ոչ շատ հեռու տեղակայված Դումայի բնակիչների դեմ քիմիական զենք են կիրառել:

Միևնույն ժամանակ Եվրոպայում թռիչքների անվտանգությունը վերահսկող միջպետական կազմակերպությունը (Eurocontrol) բոլոր ավիաընկերություններին զգուշացրել է թռիչքներ չիրականացնել Սիրիայի երկնքում՝ առաջիկա 72 ժամվա՝ 3 օրվա ընթացքում. Փոխանցում է Reuters-ը:

Այս ամենը ցույց է տալիս, որ մոտակա ժամերի կամ օրերի ընթացքում ԱՄՆ-ն և դաշնակից ուժերը իրապես պատրաստվում են հրթիռակործել Սիրիայի տարածքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Կիպրոսից Սիրիայի ջրային սահման հրթիռակիր նավ է ուղարկել: Ավելի ուշ տարածվել են տեղեկություններ, թե ամերիկյան զինուժը նաև ռազմական ինքնաթիռներ, այլ նավեր է կենտրոնացրել այդ հատվածում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *