Անկարայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ահաբեկչական վտանգի մասին. այդ ֆոնին Թուրքիայում ձերբակալություններ են

Մարտի 4-ին Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակման վտանգ կա:  Դեսպանատունը անվտանգության նկատառումներով մարտի 5-ին փակ է լինելու, բացի այդ կոչ է արվել ԱՄՆ քաղաքացիներին՝ հեռու մնալ մարդաշատ վայրերից և դեսպանատան տարածքից։ Հայտարարությունը տեղադրված է դեսպանատան պաշտոնական կայքում:

Ըստ աղբյուրի՝ դեսպանատունն իր աշխատանքները կվերսկսի այն ժամանակ, երբ անվտանգության սպառնալիքները կվերանան։

Միևնույն ժամանակ Անկարայի նահանգապետարանի պաշտոնական հայտարարության համաձայն՝  ամերիկյան աղբյուրները թուրքական  հետախուզական կառույցներին տեղեկացրել են, որ ԱՄՆ-ի դեսպանատան և քաղաքացիների դեմ ուղղված ահաբեկչական գործողություններ կարող են իրականացվել։ Ըստ հայտարարության՝ այդ պատճառով թուրքական կողմը խստացնում է անվտանգության միջոցառումները մայրաքաղաքում:

Անկարայում «Իսլամական պետությանը» անդամակցելու համար մեղադրվողներին ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 500 ոստիկան (արխիվ)

Անկարայում «Իսլամական պետությանը» անդամակցելու համար մեղադրվողներին ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 500 ոստիկան (արխիվ)

Այս հայտարարությունների ֆոնին Անկարայի հանրապետական դատախազության հրամանով Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները գործողություններ են սկսել կասկածյալներին ձերբակալելու համար:

Անկարայի դատախազությունը լիազորել է ձերբակալել 20 մարդու, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու համար: Կասկածյալներից 12-ն արդեն ձերբակալվել են: Հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Նշենք, որ Իրաքում և Սիրիայում պարտություն կրելուց հետո ԻՊ զինյալների մի մասը դուրս է եկել այդ երկրներից: Նրանց համար իրենց երկրներ վերադառնալու հիմնական տարանցիկ ուղիներից մեկը Թուրքիան է: Վերջին կես տարվա ընթացքում թուրքական կողմը հայտարարել է մեծ թվով ԻՊ անդամների ձերբակալության մասին:

Թուրքական կողմը հայտնել է, որ Թուրքիայի տարածքում 2017-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում «Իսլամական պետության» հետ կապ ունենալու համար ձերբակալվել է շուրջ 900 մարդ (12):

Սրան զուգահեռ, թուրքական մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ ԻՊ զինյալները պատերազմական գոտիներից Թուրքիա անցնելու, այնտեղից էլ իրենց երկրներ վերադառնալու համար 3000 ամերիկյան դոլար գումար են վճարում թուրքական կողմին:

Ըստ բրիտանական The Economist հանդեսի՝ «Իսլամական պետության» զինյալները Իրաքում և Սիրիայում պարտություն կրելուց հետո այդ երկրներից դուրս են բերել շուրջ 400 միլիոն ամերիկյան դոլար: Զինյալների գումարների մի մասը տարբեր միջոցներով հայտնվել է Թուրքիայում, որտեղ էլ դրանք օգտագործվում են կազմակերպության «քնած բջիջները» պահելու համար: Հանդեսի հետազոտությանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Սիրիայում և Իրաքում ԻՊ միացած և այնտեղից իրենց երկրների վերադարձած զինյալների վիճակագրություն. աղբյուրը՝ ամերիկյան Soufan Center կենտրոն

Սիրիայում և Իրաքում ԻՊ միացած և այնտեղից իրենց երկրների վերադարձած զինյալների վիճակագրություն. աղբյուրը՝ ամերիկյան Soufan Center կենտրոն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *