ԻՊ-Թուրքիա տրանզիտ. Իսլամիստ զինյալների «սև փողերի» մի մասը հայտնվել է Թուրքիայում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքում և Սիրիայում պարտություն կրելուց հետո այդ երկրներից դուրս են բերել շուրջ 400 միլիոն ամերիկյան դոլար: Իսլամիստ զինյալների գումարների մի մասը հայտնվել է Թուրքիայում, որտեղ էլ դրանք օգտագործվում են կազմակերպության «քնած բջիջները» պահելու համար: Այս մասին հայտնում է բրիտանական  The Economist հանդեսը՝ հղում անելով Իրաքի խորհրդարանի պատգամավորներից մեկին:

Բրիտանական աղբյուրի տվյալներով՝ իսլամիստ զինյալները այդ միջոցները  ստացել են մի քանի մեթոդներով.

  • Սիրիայում և Իրաքի նավթի պաշարների անօրինական վաճառքից;
  • Իսլամիստ զինյալների կողմից գրաված տարածքում հարկեր հավաքելով;
  • Մարդկանց գերեվարելով և կյանքի դիմաց գումար պահանջելով;
  • Տարբեր հաստատությունների, բանկերի, մարդկանց թալանելու միջոցով: Հանդեսը նշում է, որ միայն Իրաքի բանկերից զինյալների հաջողվել է գողանալ շուրջ 500 միլիոն դոլար:

Ըստ հանդեսի՝ այս միջոցներով ձեռքբերված գումարների արդյունքում «Իսլամական պետությունը» դարձել է ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, 2016-ին այպես կոչված «խալիֆայության» համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 6 միլիարդ դոլար:

«Իսլամական պետության» տարբեր մեթոդներով ստացված գումարների վիճակագրություն. աղբյուրը՝ The Economist

«Իսլամական պետության» տարբեր մեթոդներով ստացված գումարների վիճակագրություն. աղբյուրը՝ The Economist

«Իսլամական պետության» անկմանը զուգահեռ զինյալները սկսել են մեծ թափով դուրս բերել իրենց գումարները այնտեղից: Իրենց դոլարների դուրս բերման համար իսլամիստ զինյալները ստեղծել են և օգտագործում են դրամական փոխանցումների ոչ պաշտոնական ցանցեր (hawala system) Թուրքիայում, Եվրոպայում, Լիբանանում և Պարսից ծոցի երկրներում իրենց միջնորդների օգնությամբ:

Հանդեսը, հղում անելով Թուրքիայում իր հակաահաբեկչական կառույցների վրա, հայտնում է, որ ԻՊ զինյալները մեծ քանակի գումարներ են ներդրել Թուրքիայում ոսկու տեսքով և այդ միջոցները օգտագործում են «Իսլամական պետության» «քնած բջիջները» (ժամանակավորապես անակտիվ, սակայն առաջիկա գործողություններին պատրաստ զինյալներ) ամբողջ երկրում պահելու համար:

Ծաղրանկարը՝ Ahlul Bayt լրատվական գործակալության

Ծաղրանկարը՝ Ahlul Bayt լրատվական գործակալության

Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ահաբեկչության դեմ պայքարի վարչության նախկին ղեկավարը հայտնել է հանդեսին, որ 2017-ի հունվարին Ստամբուլի գիշերային ակումբներից մեկի վրա ԻՊ-ի հարձակման գործով հետաքննության արդյունքում պարզվել է, որ ԻՊ-ն Ստամբուլում մոտ 100 թաքստոց է ստեղծել, որտեղ հայտնաբերվել է մոտ 500 հազար դոլար:

Իրաքում իսլամիստ զինյալները նաև գումարներ են լվացրել՝ իրենց միջնորդների միջոցով Իրաքում ձեռք բերելով տարբեր կազմակերպություններ/ձեռնարկություններ:

«Իսլամական պետությունը» ներկայում կորցրել է Իրաքում և Սիրիայում իր վերահսկած տարածքների մոտ 98 տոկոսը, մոտ 70000 զինյալ է սպանվել ռազմական գործողությունների ընթացքում, նրանց մի մասը փախել է Սիրիայից և Իրաքից և անցել Թուրքիան, Եգիպտոս, Լիբիա, որոշակի մասն էլ շարունակում է մնալ: Հանդեսը նշում է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանից շուրջ 10000 իսլամիստ զինյալ է դուրս եկել:

Հիշեցնենք, որ ժամանակ թուրքական մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում, որ ԻՊ զինյալները պատերազմական գոտիներից Թուրքիա անցնելու, այնտեղից էլ իրենց երկրներ վերադառնալու համար 3000 ամերիկյան դոլար գումար են վճարում թուրքական կողմին:

Ավելի վաղ՝ 2017-ի հոկտեմբերին, սիրիական մերձընդդիմադիր, Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» (Syrian Observatory for Human Rights) կազմակերպությունն իր հերթին հայտնել էր, որ «Իսլամական պետության» տասնյակ դաշտային հրամանատարներ հազարավոր դոլարներ են վճարում Թուրքիայի տարածք անցնելու համար:

2017-ի հոկտեմբերին ամերիկյան Soufan Center հետազոտական կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն՝ Սիրիայում և Իրաքում կռվող «Իսլամական պետության» զինյալներից շուրջ 5600-ը վերադարձել են իրենց երկրներ:

Ըստ զեկույցի՝  2016-ի մարտ – 2017-ի օգոստոս ընկած ժամանակահատվածում Թուրքիայից Սիրիա և Իրաք է գնացել շուրջ 1500 զինյալ, որից 900 է ներկայում գտնվում պատերազմական գոտիներում, այսինքն մոտ 600-ը վերադարձել է: Ըստ նույն աղբյուրի՝ Սիրիայում և Իրաքում գործում է են նաև մոտ 900 ադրբեջանցի զինյալ:

Սիրիայում և Իրաքում ԻՊ միացած և այնտեղից իրենց երկրների վերադարձած զինյալների վիճակագրություն. աղբյուրը՝ ամերիկյան Soufan Center կենտրոն

Սիրիայում և Իրաքում ԻՊ միացած և այնտեղից իրենց երկրների վերադարձած զինյալների վիճակագրություն. աղբյուրը՝ ամերիկյան Soufan Center կենտրոն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *