ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական և Երևանի կայազորային կլինիկական զինհոսպիտալների մի շարք բաժանմունքներ, պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, ամբողջությամբ հիմնանորոգվել և հագեցվել են ժամանակակից բուժսարքավորումներով:
Ռազմինֆոյի հետ զրույցում ՊՆ խոսնակը հաստատեց, որ խոսքը հիմնականում ամերիկահայ բարերար Մայք Սարիանի ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը վերջերս նվիրաբերած շուրջ 100 անվանում բժշկական սարքավորումների և գույքի մասին է (շուրջ 10 մլն արժողությամբ):
Որոշվել էր սարքավորումները և գույքը բաշխվել զինվորական հոսպիտալներին՝ այդ թվում նաև սահմանամերձ համայնքների առողջապահական հաստատություններին:
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, սակայն, որ նվիրատվությունից զատ բժշկական սարքավորումներ գնել է նաև հենց պաշտպանության նախարարությունը:
Հենց օրերս էլ նախարարն այցելեց երկու զինհոսպիտալներ՝ ստուգելու և ծանոթանալու նոր սարքավորումներին (1,2):
Նշենք, որ գործող կենտրոնական զինվորական հոսպիտալն այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին. այս կարծիքին է ՀՀ նախագահը և հենց այդ պատճառով էլ պաշտպանության նախարարին հանձնարարել էր ավարտին հասցնել նոր հոսպիտալի տեխնիկական առաջադրանքի մշակումը և նախագծման աշխատանքները:
Նախարարությունը նպատակ ունի միավորել նաև որոշ քաղաքացիական հիվանդանոցներ և զինհոսպիտալներ: Այս մասին առաջին անգամ հիշատակվեց 2017-ի մայիսին: Իսկ արդեն այս տարի նախաձեռնությունը ներառվեց ՀՀ կառավարության 2018-ի միջոցառումների ծրագրում:
Վերջերս բացվեց նաև զինհաշմանդամենրի վերականգնողական կենտրոնը «Երևանի պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատ քաղաքացիների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ»:
ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչությունը 2017-ի օգոստոսից ղեկավարում է փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը: