Հունվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՊՆ դեղորայքի և բժշկական գույքի կենտրոնական բազա, ծանոթացել ամերիկահայ բարերար Մայք Սարիանի՝ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը նվիրաբերած շուրջ 100 անվանում բժշկական սարքավորումներին և գույքին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Նվիրատվությունը փոխանցվել է «Լույս» հիմնադրամի միջոցով: Համաձայն հաղորդագրության՝ ամերիկահայ բարերարը զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությանը նվիրաբերել է ընդհանուր առմամաբ շուրջ 10 մլն արժողությամբ մեծաքանակ բժշկական սարքավորումներ և գույք, խնամքի պարագաներ, բժշկական ծախսվող նյութեր:
Նվիրաբերված բժշկական սարքավորումների թվում են՝
- շարժական ռենտգեն ապարատներ,
- անզգայացման և արհեստական շնչառության ապարատներ,
- ուլտրաձայնային հետազոտման սարքեր,
- լաբորատոր ախտորոշիչ սարքավորումներ,
- հիվանդների խնամքի մոնիտորինգի և ավտոմատ ներարկման համակարգեր և այլն:
ՀՀ ՊՆ դեղորայքի և բժշկական գույքի կենտրոնական բազայում պահեստավորված սարքավորումները և գույքը բաշխվելու են զինվորական հոսպիտալներին:
ՀՀ ՊՆ հաղորդագրությունում նաև նշվում է.
«Կարևորելով սահմանամերձ համայնքների առողջապահական համակարգի արդյունավետ գործունեություն` սարքավորումների որոշ մասը կհատկացվի սահմանամերձ համայնքների առողջապահական հաստատություններին»: